‘Վրաստանում Ռուսաստանի հարցով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն է սահմանվել ‘

618

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սահմանել է «Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցչի» պաշտոն: Այդ մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տեղեկացրել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները: Վերջիններս նաև հաղորդել են, որ այդ պաշտոնում վարչապետը նշանակել է հայտնի դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին:

Վերջին շրջանում Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ «ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Վրաստանի գլխավոր նպատակներից է, սակայն այդ գործընթացն ամենևին հեշտ չի լինի»:  Ըստ նրա՝«Վրաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր է շահերի համընկնում շատ հարցերում, այդ թվում՝ անվտանգության»: Վարչապետի կարծիքով՝ «միջազգային մեխանիզմների կիրառմամբ Վրաստանը երկխոսություն կսկսի ՌԴ-ի հետ, առաջիկայում հնարավոր է առևտրային և մշակութային կապեր վերահաստատել երկու երկրների միջև»:

Զուրաբ Աբաշիձեն 20-րդ դարի հայտնի վրաց գրող Իրակլի Աբաշիձեի որդին է: 1993-2000 թթ. նա եղել է Վրաստանի դեսպանը Բենիլյուքսի տարբեր երկրներում, ՆԱՏՕ-ում և Եվրոմիությունում: 2000 թ.  Վրաստանի փոխարտգործնախարարն էր, իսկ մինչև 2004 թ.՝ Վրաստանի դեսպանը ՌԴ-ում: Վերջին տարիներին զբաղվում է գիտական գործունեությամբ:

Նախորդ հոդվածը‘2013 թվականին կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան արտաքսել է հակասեմիտական կոչեր անող թունիսցի իմամին ‘