‘Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրն այսօրվանից ուժի մեջ կմտնի’

813

Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի մեծ մասը, այդ թվում՝  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) մասին համաձայնագիրը, ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, գրում է Interfax-ը՝ վկայակոչելով Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը:

Գերատեսչությունում հայտնել են, որ երկուշաբթի օրվանից կսկսի գործել փաստաթղթի մոտ 80 տոկոսը, այդ թվում՝ DCFTA-ն: Դրանից հետո կսկսվի համաձայնագրի գործնական կիրառումը: Պայմանագիրը ենթադրում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների ազատ տեղակայում եվրոպական շուկա և տեղի շուկա անվնաս ու անվտանգ մթերքների մատակարարում:

Համաձայնագրի շրջանակներում ԵՄ շուկա մատակարարվող վրացական գրեթե բոլոր մթերքներն ազատվում են մաքսային տուրքից: Սակայն 28 տեսակի մթերքներ, այդ թվում՝ գինին, մրգերը և բանջարեղենը, ԵՄ արտահանման համար մաքսային հարկ կվճարեն՝ առանց տվյալ ապրանքի համար նախատեսված հավելյալ հարկի:

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես պատրաստվում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել: 2013-ի հուլիսին ԵՄ հանրեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Հայաստանի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները ավարտվել են, եւ Բրյուսելը պատրաստ է Երեւանի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագիր կնքել: Սակայն անսպասելիորեն 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ «Հայաստանը ցանկություն ունի անդամակցել Մաքսային միությանը»: Չնայած շուտափույթ անդամակցության մասին հավաստիացումներին, մեկ տարվա ընթացքում Մաքսային միությանը ՀՀ անդամամակցության ժամկետները հետաձգվել են առնվազն երեք անգամ:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Լատվիա’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքում մեկնարկում է Դասական երաժշտության 8-րդ միջազգային երևանյան փառատոնը’