‘«Վրաստան, Վրաստա՜ն… սպանեցիք, էլի, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»’

997

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հայտարարեց, որ ոլորտում տարեվերջի տվյալներով անկում կգրանցվի, ինչը, նախարարի խոսքով, պայմանավորված է միջազգային վարկերի նվազմամբ:

Այնուամենայնիվ, ըստ Թադեւոսյանի, անկման չափի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Երեւանում ընթացող շինարարության ժամանակ շինարարական նորմերը հիմնականում խախտվում են:  

Հարցին արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` հորդորելով պատգամավորին տարբերել քաղաքաշինական նորմերը քաղաքաշինական կանոններից: «Քաղաքաշինական նորմերի համատարած խախտում Երեւանում չկա», — ասաց քաղաքապետի տեղակալը:

Պատգամավորն իր հերթին նշեց, որ նկատի ունի, որ քաղաքաշինական խնդիրների համար պետք է օրենսդրական լուծումներ գտնել` հանրային արձագանքի հետեւից գնալու փոխարեն: Մելքումյանն, ընդ որում, մեջբերեց հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ քաղաքաշինական նախագծերը հաստատվում են «մեկ պատուհանի» սկզբունքով: Այս առաջարկը վրդովեցրեց Կամո Արեյանին.

«Իմ մանկության երազը չէ նմանվել Վրաստանին, թող վրացիք նմանվեն մեզ…սպանեցիք, էլի՝ Վրաստան, Վրաստան, ի՞նչ կա այնտեղ»: 

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները այսօր ուղիղ չվերթով Բաքվից կժամանեն Երևան’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հոսպիտալից փախած զինծառայողներին քրեական պատասխանատվություն չի սպառնում’