Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գեորգի Արևաձեն չի բավարարել փաստաբանների միջնորդությունը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու կամ քրեական պատիժը հետաձգելու վերաբերյալ։
Այդպիսով՝ Սաակաշվիլին կշարունակի մնալ կալանքի տակ Թբիլիսիի «Վիվամեդ» հիվանդանոցում։
Դատավարությանը ներկա գտնվողները զայրույթով են ընդունել դատարանի որոշումը։
Սաակաշվիլիի ծանր վիճակի և ախտորոշման մասին խոսել էին դատարանում հարցաքննված միջազգային և վրացի մասնագետները, որոնք փաստաբանների դիմումով մասնակցել էին Սաակաշվիլիի հետ կապված փորձաքննություններին, ինչպես նաև Սաակաշվիլիի բժշկական սպասարկման գնահատման նպատակով Ժողովրդական պաշտպանին կից ստեղծված փորձագիտական խմբի մասնագետները։
Իշխանությունները պնդում են, որ Սաակաշվիլին ստանում է անհրաժեշտ բժշկական օգնությունը, և նրան մեղադրում են ինքն իրեն վնաս հասցնելու մեջ՝ ազատ արձակվելու համար։
«Այնպես որ՝ ես, փաստորեն, մահվան դատավճիռ ստացա և մնում եմ բանտում՝ իմ մահացու հիվանդություններով և դատարանի վճռով, որն աշխարհում ոչ ոք չի ճանաչի՝ բացի Ռուսաստանից»,- սոցցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահը։
Սաակաշվիլին, որը հիմա ուկրաինական քաղաքացիություն ունի, այլ ոչ թե վրացական, մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով։ Նա ինքն իրեն անվանում է «Պուտինի կալանավորը» և իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները համարում է հետապնդում քաղաքական նկատառումներով։
Փոխանցում է BBC-ն։