‘Վրացի փորձագետ. ԱՊՀ-ում Ուկրաինայի ներկայացուցչության արդյունավետությունը կախված է ՌԴ-ի կողմից նոր իշխանությունների ճանաչումից ‘

703

ԱՊՀ-ում Ուկրաինայի ներկայացուցչության արդյունավետությունը կախված է նրանից, թե կճանաչի՞ արդյոք Ռուսաստանը նրա նոր իշխանությունների լեգիտիմությունը: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել Հասարակական քաղաքականության ինստիտուտի տնօրեն (Թբիլիսի) Գեորգի Թարխան-Մոուրավին:

Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունն ընդունել է Ուկրաինան:

«Կիևում տիրող ոչ միանշանակ իրավիճակը, բնական է, կարող է հետագայում ազդել նաև այդ նախագահության վրա, իսկ ԱՊՀ հեռանկարի առումով` ոչ այնքան դրականորեն: Ավելին, ԱՊՀ ապագան, ընդհանրապես, որոշ առումով կապված է ռուս-ուկրաինական հարաբերույթւոնների զարգացման հետ: Ես չեմ բացառում, որ ԱՊՀ կշարունակի նիհարել: Բայց եթե անգամ, նույնիսկ ֆորմալ առումով, ամեն ինչ լինի կարգին, այնուամենայնիվ, ԱՊՀ արդեն վաղուց իր գոյությունը պահպանում է ավելի շուտ որպես իներցիոն սիմվոլ կամ խոսարան, քան որպես իրավունակ  ինտեգրացիոն կազմակերպություն»,-ընդգծել է փորձագետը:

Նշենք, որ Ուկրաինայի նոր իշխանությունների նախաձեռնությամբ մարտի 7-ին Կիևում պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստ: Սակայն, մարտի 6-ի երեկոյան Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը հաղորդել է, որ նախատեսված միջոցառումը տեղի չի ունենա: «ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը մեզ տեղեկացրեց, որ ԱՊՀ ԱԳՆԽ մասնակիցների խիտ գրաֆիկի պատճառով այդ նիստի կայացումը Կիևում անհնար է: Իսկ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Անդրեյ Օլեֆիրովն առաջարկել է նիստը հետաձգել մինչև մարտի 12-ը: Լեբեդևն էլ իր հերթին խոստացել է առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի նիստը կայանա»,-հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը:

 

Նախորդ հոդվածը‘Բոստանջյան. Միգուցե, դա լավագույն բարեփոխումն է աշխարհում, բայց ժողովուրդն այն չի ցանկանում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցիները տեղեկացնում են ևս մեկ հայ գերու մասին.PanARMENIAN.Net’