‘
Վրաց լրագրողները խորհրդարանում բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի, որն օրերս առեւանգվել է Վրաստանում: Խորհրդարանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նիստի ժամանակ շուրջ 15 լրագրող միաժամանակ գլխներին են հագցրել սեւ պլաստիկե տոպրակներ եւ պարզել են «Ազատություն Աֆղան Մուխթարլիին», «Չի՛ անցնի» գրություններով պաստառներ, տեղեկացնում է Newsgeorgia.ge-ն:
Լրագրողներն այդպես նստել են մոտ 15 րոպե, մինչ հանձնաժողովի նախագահի եւ անդամի միջեւ բանավեճ է ընթացել: Այնուհետեւ ցույցի մասնակիցները լուռ լքել են կոմիտեի սենյակը:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, ի պատասխան լրագրողների ակցիայի, հայտնել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում հետաքննություն կանցկացվի Մուխթարլիի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի վերաբերյալ:
Ադրբեջանի իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ հայտնի Աֆղան Մուխթարլին առեւանգվել է Վրաստանում եւ այժմ գտնվում է ադրբեջանական բանտում:
‘