‘
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ երեկ արած այն հայտարարությանը, թե «Բարգավաճ Հայաստանին» առավել ձեռնտու է 2013թ. նախագահական ընտրություններին չմասնակցելը և կուսակցության կայացման վրա կենտրոնանալը:
«Խոսրով Հարությունյանի նման փոքր տրամաչափի գործիչները, որոնք անցել են անփառունակ քաղաքական ուղի և ունեն ժողովրդական ցածր վարկանիշ, իրավունք չունեն խուրհուրդներ տալ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ոչ, առավել ևս, նրա նախագահին: Քաղաքական մեծամիտներին ժամանակն է հասկանալ, որ ժողովուրդն է ընտրում մեր երկրի զարգացման ուղին, և ժողովուրդն է գնահատականներ տալիս տարիներ շարունակ քաղաքականության մեջ գործող, բայց այդպես էլ չկայացած գործիչներին: Խորհուրդ եմ տալիս` անբովանդակ խորհուրդներ չտալ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ Խոսրով Հարությունյանը ասել էր. «Իմ պատկերացմամբ, ընդգծում եմ՝ անձամբ իմ, կուսակցությունը (ԲՀԿ-ն — iLur.am) պետք է քաղաքական կայացման լուրջ փուլ անցնի: Հարկավոր է աշխատանք տանել ներկուսակցական կառույցների հետ, քաղաքական փորձառություն ձեռք բերել: Կուսակցության բռնած քաղաքական այլընտրանքի ուղղությունը նոր է և փորձ է պահանջում»:
‘