‘
«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը ֆոտոցուցահանդես է կազմակերպել`իր «ազգային մշակույթը և յուրօրինակությունը» ցույց տալու նպատակով, սակայն ներկայացված լուսանկարները` լեռներում արածող ձիերի ու ոչխարների պատկերով, եվրոպացի պատգամավորների ծիծաղն են առաջացրել: Այդ մասին հայտարարել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը`ներկայացնելով Խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 11-13-ը կայացած նստաշրջանի որոշ մանրամասներ:
Էնֆիաջյանի խոսքով, ձգտելով աղավաղել իրականությունը`ադրբեջանցիները հաճախ են դիմում ամենաանհեթեթ միջոցների, որոնք, բարեբախտաբար, արժանանում են եվրոպացի խորհրդարանականների կոշտ և համարժեք արձագանքին: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Եվրանեսթի» նստաշրջանում քննարկվող թեմաներից մեկն ««Արևելյան գործընկերության» շրջանակներում միջմշակութային երկխոսություն» զեկույցն էր, որի համահեղինակն ադրբեջանցի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին է:
«Զեկույցը յուրօրինակ առիթ է հանդիսացել` փորձելու ապացուցել իրականում ադրբեջանական հասարակության շրջանում հանդուրժողականության և մարդասիրության բացակայությունը: Այդ քարոզարշավը չէր կարող պատասխան արձագանք չգտնել ինչպես մեր, այնպես էլ եվրոպացի գործընկերների կողմից»,- նշել է պատգամավորը:
‘