‘Վ.Վարդապետյան. Այսօր բացառիկ հնարավորություն է տրված՝ պայքարելու, խանդավառվելու ու հաղթելու’

2013

Վանաձորում ընթացող ընդդիմադիր երեք ուժերի համատեղ հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ հայտնի բժիշկ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վահան Վարդապետյանը:

«Վանաձորը իմ ծննդավայրն է, և ես այս ամբիոնից դպրոցական տարիներին բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և  չէի կարող այս անգամ Վանաձորում ելույթ չունենալ, ու հորդորել, պահանջել ու հրամայել, թեկուզ և խնդրել իմ համաքաղաքացիներին և ահազանգել, ինչպես լոռեցին է ասում՝ դինջ ու անտարբեր, էշի ականջում քնած իմ համաքաղաքացիներին, որ մեկ-մեկ զարմացնել գիտեն և մեկ էլ տեսար՝ բռնեցին ու կատաղեցին և մի մարդու նման Ազատության հրապարակը լցրեցին:

Չէ՞որ այս իշխանությունը մեծ լոռեցուն ցավ ու թշվառություն է պատճառել, կիսել ու բզկտել է ընտանիքները ու գերդաստանները, մեկդ ներսը, մինն ու տասը՝ դրսում, հիվանդացրել ու դժբախտացրել է, հիվանդացրել է հասարակությանը՝ ֆիզիկապես և հոգեպես, ոչ ազատ քաղաքացին հոգեպես ոչ լիարժեք է: Այլևս անտանելի է անազատության բեռը: Ուրեմն, բռնենք ու կատաղենք ու հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակը լցնենք, պատմական բախտորոշ հնարավորություն է լինելու և հզոր հարթակ. Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան՝ նշանակում է այս հարթակում միտքն է, գաղափարը, ծրագիրը, կոնսոլիդացիայի ճարտարապետը, Գագիկ Ծառուկյան՝ ամենադժվարին ճանապարհ անցած ու ապացուցած, որ միակ նպատակը ժողովրդին ծառայելն է, և միշտ ապացուցած, որ նշանաբանն է՝ «մեր խոսքը գործ է»: 

Այս համագործակցությունը, թեև իշխանական սպառնալիքներին ու խութերին, կայացավ ու ամրապնդվեց, քանզի հասարակական պատվեր էր ապահովելու հասարակության ամենալայն համախմբումը: Այս հարթակում ևս երկու ընտրված նախագահներ կլինեն՝ 2003-ին ընտրված, միշտ սկզբունքային ու արժանապատիվ Ստեփան Դեմիրճյանը, և 2013-ին ամենաշատ ձայներ շահած ու հաղթանակած Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հարթակը մեզ բացատրելու է և ոգեշնչելու, մենք էլ մեր լիցքերով հարթակին ենք ոգեշնչելու և պահանջելու և պարտադրելու, որ կիսատ-պռատ ու անորոշ որոշումներ չկայացնեն, այլ վերջնական ու ամբողջական:

Դրա համար հրապարակում տեսնելու ենք բոլորս, զարմանալու և հրճվելու ենք, թե այսքանս ո՞նց ենք հավաքվել, գիտակցելու ենք, որ մեր ուժը և վճռական կեցվածքը հաղթանակի գրավական է: 

Իսկ նա մնալու է միայնակ՝ հաճախորդների վրա հույս դնել չի կարող:

Աննորմալ վիճակ է մեր երկում: Ֆալշ է ամեն ինչ՝ կեղծ տնտեսական ցուցանիշներ, սոցիոլոգիա, մարդահամարի անհասկանալի տվյալներ, այնպիսի զարմանահրաշ երկրում ենք ապրում, որի ազգաբնակչության նվազմանը զուգահեռ ավելանում է ընտրողների թիվը, այնպիսի հետաքրքիր երկիր ենք դարձել, որ ընդդիմությունն էլ իր՝ իշխանության կողմից նշանակովի ընդդիմությունն ունի, որը սեփական ոչ լեգիտիմ իշխանությանը խնայելով՝ պահանջում է այլ երկրների նախագահների հրաժարականը: Այստեղ արդեն բժիշկ է հարկավոր:

Այս իշխանությունն ասում է առաջ՝ ստացվում է ետ, ասում է՝ դեպի ապահով, ստացվում է տագնապալի ու խռովահույզ, ասում է՝ բացվում է, ստացվում է՝ փակվում է, ասում է՝ չի թանկանալու, թանկանում է, ուզում ենք մտնել մի տեղ՝ հայտնվում ենք այլ տեղում: Որքա՞ն կարելի է խաբել, այս իշխանությունն է, որ հետևողականորեն նպաստում է հեղափոխական վիճակի հասունացմանը:

Խորապես վիրավորվում ես, որ Սահմանադրության նորմերը խախտած, իշխանությունը բռնազավթած ուժը, որը Սահմանադրություն բառն անգամ արտաբերելու իրավունք չունի, համարձակվում է խոսել սահմանադրական բարեփոխումներից: Այս օպերացիան նշանակում է իշխանության վերարտադրություն, և այն պետք է մերժել, գաղափարն անգամ վիժեցնել:

Այս իշխանությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը, աննորմալ այս ընթացքը պետք է կասեցնել, շատ ենք ուշացել, աններելի շռայլություն է պատմական բացառիկ պահը կորցնել, այսօր բացառիկ հնարավորություն է տրված՝ հույս ու հավատ վերականգնելու,  պայքարելու, խանդավառվելու ու հաղթելու:

Ես խանդավառված եմ, որ նորից Հայաստանում ծավալվում է համաժողովրդական շարժում, որովհետև շարժումը կյանք է ու հաղթանակ, հաղթանակ ոչ թե մեկս մյուսի հանդեպ, ոչ թե՝ մեծամասնության հաղթանակը փոքրամասնության հանդեպ, այլ բոլորով՝ միասին, ազգը առողջացնելու և կրթելու, ազգաբնակչությունը համալրելու, և այն օրը, երբ վերականգնված կլինի սահմանադրական կարգը, կունենանք օրինակարգ իշխանություն, վերականգնված կլինի մեր արտաքին հեղինակությունը, արտագաղթի փոխարեն ծանրաբեռնված կլինենք վերադարձի խնդիրներով, այն ժամանակ կարող ենք խոսել հաղթանակի մասին:

Եւ ուրեմն, որպեսզի այդ հաղթանակը մոտ լինի, բոլորս միասին հոկտեմբերի 10-ին դեպի Ազատության հրապարակ»:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Փոփոխություններ իրականացնելու առաջին քայլը իշխանափոխությունն է ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Իշխանությունները պետք է հեռանան (տեսանյութ)’