‘Վ. Վարդապետյան. Ռեժիմի արտաքին քաղաքականության միակ նպատակը իշխանության վերարտադրության ապահովումն է’

2189

Հայտնի բժիշկ, հասարակական գործիչ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վահան Վարդապետյանն ընդարձակ հարցազրույց է տվել ԱրմԻնֆո գործակալությանը, որում անդրադարձել է հյաստանցիներին այս օրերին հուզող մի շարք խնդիրների:  

Մասնավորապես, նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների գաղափարը բոլորովին զուրկ է հանրային աջակցությունից, քանի որ այսպես կոչված կուսակցությունների կոնսոլիդացիան (որոնց մեծ մասը, Վարդապետյանի խոսքով, բաղկացած է երկու մարդուց) տարրական ֆարս է:   

«Ես համոզված էի, որ իշխանությունն ու անձամբ Սերժ Սարգսյանը այդ գաղափարի վերաբերյալ կասկածներ ունեն: Իսկ սահմանադրական փոփոխությունների գաղափարի նպատակահարմարության վերաբերյալ դրանց հեղինակի իսկ կասկածների պարագայում հասարակության կասկածները կրկնապատկվում են», — նշել է նա:

Վարդապետյանի համոզմամբ, այսօրվա Հայաստանի խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է, օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխության գաղափարը չէր ծագի, եթե իշխանության համար անհրաժեշտ «ժառանգորդը» առկա լիներ: Սակայն, հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը վստահում է միայն ինքն իրեն, սահմանադրական հանրաքվեի այլընտրանք դեռեւս չկա:  

«Հանրաքվեի անցկացմանը դիմակայող ոչիշխանական եռյակի փլուզումից հետո շատերին թվաց, թե դրա իրականացմանն այլեւս ոչինչ չի խանգարում: Մինչդեռ, եռյակը նույնիսկ կարճ ժամանակահատվածում կարողացավ քաղաքացիների գիտակցությանը հասցնել այն պոստուլատը, համաձայն որի, մեր բոլոր դժբախտությունների պատճառը հաստատ Սահմանադրությունը չէ: Եվ դրա բարեփոխումը Հայաստանի ժողովրդավարացման երաշխիքը չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները», — ասել է նա:

Վարդապետյանը համոզված է, որ Հայաստանում իշխող կլանը իշխանության ղեկին այսքան երկար ժամանակ մնում է միայն արտաքին աջակցության շնորհիվ: Եվ նման որակի իշխանության համար սահմանադրական փոփոխություններ անելը՝ հակառակ օտարերկրյա հովանավորների կարծիքի, կարող է կործանարար լինել: Եվ այս առումով, նա չի բացառում, որ իշխանության երկմտանքն այս հարցում բացատրվում է հենց արտաքին հովանավորների մոտ համաձայնության բացակայությամբ:

Անդրադառնալով Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին իշխանության թելադրած հանրային օրակարգին, Վահան Վարդապետյանը նշել է, որ հարյուրամյակի տարելիցի նախօրյակին տիրող աննորմալ մթնոլորտը նողկանքի զգացողություն է առաջացնում:

«Շարունակական անհաջողությունները, սթրեսն ու նվաճումների բացակայությունը հասարակության շրջանում դեպրեսիվ տրամադրություններ ու զգայական անհամարժեքություն են առաջացրել: Ողբերգական տարելիցի նախօրյակին այդ մթնոլորտը համալրվել է կեղծ հայրենասիրությամբ, մեկ դար առաջ իրագործված Ցեղասպանությանն դիմաց փոխհատուցման պահանջներով: Ամենահետաքրքիրն այն է, որ ամենից շատ դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր միանգամայն անտարբեր են այսօրվա Հայաստանում առկա հանցագործությունների, կեղծարարությունների ու սպանությունների, Մարտի 1-ի ողբերգության հետաքննության նկատմամբ», — նշել է նա:

Մինչդեռ, նրա խոսքով, խնդրի էությունն ըմբռնող քաղաքացիները ստեղծված իրավիրճակից դուրս գալու ելքը տեսնում են ղարաբաղյան հակամարտության արժանապատիվ լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկու խնդիրներն էլ ժողովրդի վստահությունը վայելող ու միջազգային հեղինակություն ունեցող իշխանության կողմից չափազանց համարձակ որոշումներ են պահանջում, գործող ռեժիմից դրանց լուծումն ակնկալելը ծիծաղելի կլիներ:

Վարդապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի բոլոր լուրջ հաջողություններն անկախացումից ի վեր եղել են այն ժամանակահատվածում, երբ երկիրը կառավարում էր օրինակարգ նախագահը, որը բարձր հեղինակություն էր վայելում եւ իրականացնում էր հայդատականության ոգով համեմված կեղծ հայրենասիրությունը բացառող իրատեսական քաղաքականություն:

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է տարածքային ամբողջականության մասին խարտիայի տակ ստորագրել եւ միաժամանակ Համահայկական հռչակագրում տարածքային պահանջներ ներկայացնել: Ինչի՞ համար՝ հայրենասիրական ալիքի բարձրացմա՞ն: Հենց նման գործողությունների արդյունքում մեր վզին փաթաթեցին Ցյուրիխյան արձանագրությունները, Ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողովն ու մնացած ածանցյալները», — նշել է նա:

Վահան Վարդապետյանի խոսքով, հենց նման անհամարժեք գործողությունների պատճառով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գրեթե ամբողջությամբ կասեցվեց: Ընդ որում, նրա խոսքով, գործընթացը կարծես թե մեռյալ կետից շարժվեց Վատիկանում Հռոմի պապի արած հայտարարության եւ Եվրախորհրդարանի՝ նախօրեին ընդունած բանաձեւի շնորհիվ:  

Խոսելով Հայաստանի գործող իշխանությունների վարած անորոշ արտաքին քաղաքականության մասին՝ Վահան Վարդապետյանը նշել է, որ այդ անորոշության պատճառն այն է, որ նրանք տարներ օտար երկրներից աջակցություն են ակնկալում Հայաստանի ներսում իշխանությունը պահելու համար:

«2008-ից ի վեր արտաքին քաղաքականության բնագավառում իշխանութնան բոլոր ջանքերն ուղղված են աջակցություն ստանալուն: Բնականաբար, նման օրակարգը թելադրված է ոչ թե պետական շահերով, այլ այդ աջակցությունն ապահովող գործիչների շահերով», — նշել է նա՝ հավելելով, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը», եվրաասոցացման գործընթացը, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց Եվրասիական միությունում, այդ քաղաքականության «նվաճումների» մի մասն են միայն:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, ռեժիմի արտաքին քաղաքականությունը մեկ նպատակ ունի՝ ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը: Նրա խոսքով, գործող իշխանությունն այսօր ավելի թույլ է, քան երբեւէ, եւ կարող է կայանալ միայն սոցիալ-տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումների շնորհիվ, ոչ թե ընդդիմադիրների ձերբակալությունների:
«Պետք չէ տնտեսագետ լինել՝ մեր տնտեսության անկման պատճառները տեսնելու համար: Եվ 5 մլրդ դոլարի սահմանագծին հասնող արտաքին պարտքի ու անվճարունակության պայմաններում, տնտեսության ազատականացման, մրցակցային մթնոլորտ ստեղծելու փոխարեն շարունակում են ժողովրդին կերակրել կեղծ հայտարարություններով», — նշել է նա:

Նրա խոսքով, իշխանությունն ի բնե ի վիճակի չէ լուծել այս խնդիրները: «Ելքը մեկն է՝ ազատվել նման իշխանությունից հասարակության՝ իմունիտետը դեռեւս չկորցրած հատվածի ջանքերի շնորհիվ», — ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Charlie Hebdo-ի խմբագրի գիրքն իսլամի մասին լույս է տեսել հետմահու’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաև. ԵԱՏՄ-ն Թուրքիայի համար նոր շուկաների ճանապարհ կբացի’