Տաթև Զորյանը Ֆեյսսբուքում գրել է.
«Արտաքուստ անհաշտ թշնամիներ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին զարմանալիորեն սինխրոն թիրախավորում են Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ինչու՞ է իշխանություն չունեցող և ընտրություններին չմասնակցող հիմնադիր նախագահը սարսափեցնում այս երկուսին։
Պատճառը պարզ է և հոգեբանական. նրանք նույն արմատից սերող երկու արկածախնդիր սիամական երկվորյակներ են, և նրանց միավորում է երեք գործոն.
1. Պատմական իրականության հանդեպ վախը
Լևոն Տեր-Պետրոսյանը պետական պրագմատիզմի, ռեալպոլիտիկի և հաղթանակի խորհրդանիշն է։ Քոչարյանը 20 տարի երկիրը սնեց «ոչ մի թիզ հող» և «ստատուս քվոյի հավերժ պահպանում» կեղծ թեզերով, իսկ Նիկոլը եկավ ու ավարտեց այդ ավանտյուրան՝ երկիրը տանելով կործանարար պարտության։ Պատմությունն ապացուցեց Առաջին նախագահի բացարձակ իրավացիությունը։ Այս երկուսը հարձակվում են Տեր-Պետրոսյանի վրա, որպեսզի հանրությունը չարթնանա լեթարգիական քնից և հանկարծ չհասկանա, որ իրենց տգիտությունն է երկիրը հասցրել պատմաքաղաքական աղետի։
2. Սեփական մեղքը պատմության վրա գցելու բարդույթը
Քոչարյանը պատմության մեջ մնացել է Մարտի 1-ի արյունով և տոտալ կեղծված ընտրություններով, Նիկոլը՝ Արցախի հանձնմամբ և այսօր Սյունիքը TRIPP նախագծի անվան տակ աճուրդի հանելով։ Սեփական ձեռքերից արյունն ու ձախողումը լվանալու համար նրանց պետք է հորինել պատմական միֆեր և ստեր։
3. «Սև ու սպիտակ» թատրոնը
Նրանք սնվում են միմյանցով։ Նիկոլին պետք է Քոչարյանի խրտվիլակը՝ իշխանությունը պահելու համար, իսկ Քոչարյանին պետք է Նիկոլի աղետը՝ միակ ընդդիմություն ձևանալու համար։ Եթե ասպարեզում կա Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի առաջարկած սառը բանականության ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ, այս երկուսի պոպուլիստական շոուն փլվում է։
Լևոն Տեր-Պետրոսյանը այս երկուսի քաղաքական դատավճիռն է։ Նա այն հայելին է, որի մեջ նայելիս Փաշինյանն ու Քոչարյանը տեսնում են իրենց իրական հանցանքը պետության և պետականության հանդեպ։
Եվ քանի որ հայելին փոխել չեն կարող, փորձում են միասին կոտրել այն»։
