‘Տալիավինի. Մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց ‘

992

 

«Մենք հասկանում ենք, որ մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց, քանի որ որոշ կարեւոր քաղաքական ուժեր որոշեցին չմասնակցել գործընթացին եւ չառաջադրել թեկնածու», — «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նման գնահատական հնչեցրեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տալիավինին՝ գնահատելով Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները: 

Դեսպանի խոսքով, այդ հանգամանքը սահմանափակեց ընտրությունների մրցակցային բնույթը:

Հրաժարվելով մեկնաբանել թեկնածուների ստացած քվեների հարաբերակցությունը, Թալիավինին ԺՀՄԻԳ-ի դիտորդների արձանագրած թերությունների թվում, մասնավորապես, արձանագրեց ընտրակաշառքի բաժանման եւ չկնքված քվեատուփերի առկայության որոշ փաստեր։

Դրանցով հանդերձ՝ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը մատնանշեց նաեւ դրական կողմեր, դրանց թվում ընդգծելով ընտրական գործընթացի լավ կազմակերպումը։ Թալիավինիին հավելեց, որ առաջընթաց կար ընտրացուցակները կազմելու, բոլոր ընտրողներին դրանցում ներգրավելու եւ այդ գործընթացը թափանցիկ իրականացնելու հարցերում։

Դեսպանը առաջընթաց է նկատում նաեւ ընտրությունների լուսաբանման հարցում՝ մատնանշելով լրատվամիջոցների առավել ազատ գործելու իրողությունը: 

Նախորդ հոդվածը‘Կոտ դ’ Իվուարի նախկին նախագահը՝ Հաագայի դատարանի առջև’
Հաջորդ հոդվածը‘Իրանում մահապատժի է ենթարկվել 8 մարդ’