‘Տալլինում ներկայացվել են «Նոր ձայները հայկական կինոյում»’

1083

Տալլինի «Մութ գիշերներ» 170-րդ կինոփառատոնի շրջանակում հաջողությամբ ընթացել է  «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագիրը:

Ինչպես պատմել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում, ծրագրի շրջանակում ներկայացվել են 17 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր, որոնք նկարահանվել են վերջին տարիներին Հայաստանում: Նրա խոսքով, «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ էստոնացի հանդիսատեսը մինչ այդ տեղեկություններ չի ունեցել ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի մասին: Բացի այդ, ծրագրի յուրահատկությունը եղել է դրա բազմաժանրությունը, որը նշել է նաև փառատոնի տնօրենը:

Հարությունյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հաջորդ տարվա օգոստոսին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը փառատոնի քննարկմանը կներկայացնի ֆիլմեր, որոնք այնուհետև կարող են ներառվել փառատոնի 2014 թվականի ծրագրում: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի է ներկայացվել Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով»  ֆիլմը:

Նոյեմբերի 15-ին Տալլինում մեկնարկած «Մութ գիշերներ» կինոփառատոնը կավարտվի դեկտեմբերի 1-ին: «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագիրում ներկայացված են Միքայել Վաթինյանի «Բոժոն» և «Ժաննան և ձայները» (անիմացիոն և խաղարկային լիամետրաժ), Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» և «Աշնան արև» (կարճամետրաժ), Թամարա Ստեփանյանի «Անթեղ» (վավերագրական), Արամ Շահբազյանի «Ակներ» (վավերագրական), Հարություն Շատյանի «Բեռնելով իմ կյանքը» (կարճամետրաժ), Արմեն Խաչատրյանի «Երկաթե դարպասներ» (վավերագրական), Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրություն» (վավերագրական), Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին» (վավերագրական), Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» (լիամետրաժ),  Մարիաննա Եղիազարյանի «Շապիկ» (կարճամետրաժ), Դավիթ Բաբայանի «Շեկո» (կարճամետրաժ), Հրանտ Վարդանյանի «Սպիտակ Գառան երազը» (կարճամետրաժ), Նաիրա Մուրադյանի «Բալետ» (անիմացիոն), Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» (կարճամետրաժ),  Հարություն Ալպետյանի, Նվարդ Երկանյանի և Մելիք Կարապետյանի «Ի՞նչ եղան բոլոր սնկերը» (կարճամետրաժ) ֆիլմերը: 

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը պատասխան է տվել Յանուկովիչի պահանջներին’
Հաջորդ հոդվածը‘Ինչ «կլոր սեղաններ» կկազմակերպվեն Պուտինի այցի օրերին ‘