‘Տանը՝ ինչպես գեղեցկության սրահում. Տոնային քսուկներ ‘

7746

Անկախ նրանից, թե դրսում որ դարն է, եւ գեղեցկության ինչպիսի չափանիշներ են համարվում նորաձեւ, կանայք մեծ գումարներ են ծախսում գեղեցկության եւ խնամքի համար:

Նախկինում կանանց զինանոցում հիմնականում գեղեցկության ու խնամքի պարագաներն էին, այսօր այդ շարքում է հայտնվել նաեւ պլաստիկ վիրաբուժությունը: Բայց անկախ ամեն ինչից, պլաստիկան դեռեւս լայն կիրառում չի ստացել, եւ խնամքի միջոցներն ու կոսմետիկան շարունակում են մնալ առաջին տեղում:

Մենք մեր նոր շարքով ձեզ կներկայացնենք տարբեր հեղինակավոր մասնագետների, ամսագրերի ու կայքերի կողմից հրապարակված նյութեր, որոնք նվիրված են գեղեցկությանը, խնամքին ու նորաձեւությանը: Դուք այլեւս անհրաժեշտություն չեք ունենա այցելել տարբեր կայքեր ու կարդալ զանազան ամսագրեր, դիտել տարբեր հաղորդումներ: 

Մենք մի նյութով ձեզ կներկայացնենք խնամքին, գեղեցկությանն ու նորաձեւությանը նվիրված հետաքրքիր նորությունների, վերլուծությունների ամփոփ համառոտագիրը, հրապարակված լավագույն տեսանյութերը, որոնք ձեզ հնարավորություն կտան  տնային պայմաններում անգամ զգալ ինչպես գեղեցկության սրահում, իմանալ մասնագիտական գաղտնիքներ՝ ինչպես սեփական ձեռքերով հեշտությամբ ստանալ սիրուն դիմահարդարում ու սանրվածքներ ՝ խնայելով ձեր ժամանակն ու գումարները:

Եւ այսպես, սկսենք հիմքից, կամ ինչպես ընդունված է ասել՝ բազայից:

Դեմքի խնամք

Դեմքի խնամքի համար անհրաժեշտ է՝

-դեմքը և կոսմետիկան մաքրելու պարագաներ

-աչքերի կողքի հատվածների խնամքի համար նախատեսված քսուկ

-դեմքը խոնավեցնող և/ կամ սնուցող քսուկ

Մաշկի ճիշտ գույնը «ստանալու» համար անհրաժեշտ է՝

-հիմք (քսուկ)

-տոնային քսուկ

-բաց գույնի դիմափոշի և բրոնզատոր

-կորեկտորների հավաքածու (տարբեր երանգների)

-կարմրաներկ

Աչքերի և հոնքերի  համար անհրաժեշտ է՝

-ստվերաներկի մի քանի գույների հավաքածու

-մատիտ՝ սև գույնի

-սուրմա

-սևաներկ

-մատիտ և ստվերաներկ՝ հոնքերի համար

Շուրթերի համար անհրաժեշտ է՝

-մատիտ՝ մի քանի գույնի (օրինակ՝ շականակագույն, կարմիր, վարդագույն և այլն)

-շրթներկ՝ ձեր ճաշակով

-փայլ

-բալզամ

Վրձիններ

-աչքերի համար

    

-մաքրող վրձնիկ

Վերջինս անհրաժեշտ է օգտագործել այն ժամանակ, օրինակ, երբ ստվերաներկը քսելիս թափվում է երեսին: Այս վրձինի օգնությամբ մենք հավաքում ենք դեմքին թափված ստվերաներկի փոշին: Վրձնիկը անհրաժեշտ է նաեւ բաց գույնի դիմափոշին ու բրոնզատորը թեթևակի քսելու համար:

-տոնային քսուկ քսելու վրձին

 

-դիմափոշի քսելու վրձին

-կարմրաներկ քսելու վրձին

-կորեկտոր քսելու վրձին

 

-շրթներկի վրձին

-սպունգիկ

Հրաշալի է, այժմ մենք մեր ձեռքի տակ ունենք բոլոր պարագաները, որպեսզի դրանց կիրառման արդյունքում հիանալի տեսք ունենանք: Բայց մինչ այդ՝ մեկ խորհուրդ, որը միշտ տալիս են մասնագետները՝ աշխատենք, որ վրձինները լինեն թանկ և բնական մազերից: Ավելի լավ է վրձինները գնել ոչ թե միանգամից՝ բոլորը ու անորակ, այլ՝ քիչ-քիչ, բայց՝ որակով: Բանն այն է, որ վատ վրձինով երբեք նորմալ արդյունք չենք ստանա. ավելին, եթե ձեռքի տակ ունենք միայն անորակ վրձիններ, ապա ավելի լավ է հրաժարվենք դրանցից, ու աշխատենք մատներով և բամբակով. Հաստատ՝ ավելի լավ արդյունք կստանանք: Ստվերաներկի համար խորհուրդ է տրվում վերցնել սինթետիկ վրձիններ, որովհետև սինթետիկը ավելի լավ է ներծծում պիգմենտը:

Տոնային քսուկներ

Տոնային քսուկի պատմությունը սկսվում է դեռեւս մեր թվարկությունից առաջ՝ Հին Եգիպտոսից, Հունաստանից և Հռոմից, երբ կանայք իրենց դեմքին էին քսում կավիճ և սպիտակեցնող արճիճ: 

Աոաջին տոնային քսուկը՝  Pan-Cake դիմափոշին՝ բնական երանգով, ստեղծել է ծագումով լեհ ամերիկացի գործարար Մաքս Ֆակտորը՝ 1936 թվականին, որը հետագայում ստեղծեց համանուն բրենդը:

Տոնային քսուկը բաղկացած է սիլիկոնային յուղերից և պիգմենտներից: Փաստացի՝ այն համատեղում է դեմքի քսուկը և դիմափոշին:

Տոնային քսուկի տեսակները

Հեղուկ տոնային քսուկ-ունի լավ խտություն և երկար է պահպանվում: Այն ունակ է նրբորեն ծածկել ծակոտիները, պիգմենտային բծերը և ավելի հարթեցնել մաշկը:

Թանձր տոնային քսուկ— ունի ծածկելու լավ հնարավորություն: Պարունակում է մեծ քանակությամբ տարբեր յուղեր և նախատեսված է չոր մաշկի համար:

Տոնային քսուկսթիք-աչքի է ընկնում ներկող մասնիկների մեծ քանակի  պարունակությամբ: Լավ ծածկում է նկատելի թերությունները: Խորհուրդ չի տրվում կնճռոտ մաշկի համար: 

Տոնային քսուկդիմափոշի-իրենից ներկայացնում է դեմքի քսուկի և դիմափոշու համադրություն: Ունի դեմքի թերությունները ծածկելու լավ հնարավորություն, և բացի այդ՝ դրա կիրառումից հետո դիմափոշի օգտագործելու անհրաժեշտություն չի լինի:

Խոնավեցնող երանգային քսուկ (tinted moisturizer)— «ամենաջրիկ» բաղադրությունն ունի, ամբողջությամբ չի ծածկում մաշկը: Հարմար է երիտասարդ մաշկի համար:

Տոնային դիմափոշի-պարունակում է մեծ քանակությամբ դիմափոշի և քիչ քանակությամբ յուղ: Նախատեսված է բոլոր տեսակի մաշկերի համար՝ բացառությամբ շատ չոր մաշկի:

Տոնային քսուկմուսս –նման է փրփուրի, ավելի թույլ է ծածկում մաշկը, նախատեսված է իդեալական մաքուր և առողջ մաշկի համար:

Խտացված բաղադրությամբ տոնային քսուկ –պինդ քսուկ, օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խառնել խոնավեցնող քսուկի հետ:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ երանգ

Տոնային քսուկի օգնությամբ մենք կարող ենք ունենալ իդեալական մաշկ: Դրա համար, սակայն, պետք է կարողանանք ճիշտ երանգ ընտրել:

Հաճախ տոնային քսուկները վաճառվում են թափանցիկ փաթեթավորմամբ, ինչը կարող է խաբուսիկ լինել. պետք է հաշվի առնել, որ այդ երանգը մեր մաշկի վրա միանգամայն այլ տեսք կարող է ունենալ, քան երեւում է թափանցիկ սրվակի մեջ:

Սխալմունքից խուսափելու համար նախատեսված միջոցներ

1. Մինչ տոնային քսուկը  գնելը հարկավոր է այն փորձարկել: Ավելի հարմար է փորձարկել այտոսկրի ներքեւի հատված վրա: Սխալ է, երբ քսուկը փորձում ենք մեր ձեռքի վրա. բանն այն է, որ մեր ձեռքի եւ դեմքի մաշկի երանգները իրականում տարբերվում են: Այն, ինչ խանութում հարմար կլինի ձեռքի մաշկին, կարող է հարմար չլինել դեմքին: Ցանկալի է փորձարկել մի քանի երանգ. այդպես ճիշտ ընտրություն կատարելու հավանակությունը կմեծանա:

2. Պետք է փորձարկել մաքուր մաշկի վրա և ցերեկային լույսի տակ: Եթե խանութում մեզ թվում է, թե քսուկը համապասխանում է մեր մաշկի երանգին, ապա վերջնական որոշում կայացնելուց եւ գնելուց առաջ՝ լավ կլիներ դուրս գալ փողոց և մի քիչ քայլել, ապա դրսում նայել դեմքին: Եթե մի որոշ ժամանակ անց, ցերեկային լույսի տակ մեր դեմքի երանգի մեջ ոչ մի արհեստական բան չտեսնենք, եւ գույնը մեզ լավը թվա, ապա կարող ենք վերադառնալ խանութ եւ գնել քսուկը: Չմոռանանք՝ տոնային քսուկը միանգամից չի ներծծվում մաշկի մեջ. այն ներծծվում է 5-7 րոպեների ընթացքում, և միայն այդ ժամանակ է երանգը ստանում իր վերջնական տեսքը:

3. Մասնագետները սիրում են խորհուրդ տալ, եւ սա, կարծում ենք՝ հատկապես տեղին կլինի հիշեցնել հայ աղջիկներին, երբեք չպետք է չարաշահել տոնային քսուկը, հատկապես՝ ցերեկային ժամերին: Եթե քսուկը քսված է անհրաժեշտից ավելի մեծ քանակությամբ, ապա լավ ու բնական տեսքի մասին կարող ենք մոռանալ: Ավելի լավ է քսուկը քիչ լինի քսված, քան՝ շատ: Քիչը ոչ ոք չի նկատի, իսկ ահա տոնային քսուկի մեծ քանակը կնկատեն բոլորը: Բացի դա, չմոռանանք, որ քանակը կախված է նաեւ տարիքից. որքան երիտասարդ ենք, այնքան ավելի քիչ քանակությամբ քսուկ պետք է օգտագործենք: Տոնային քսուկի չափից ավելի մեծ քանակը դեմքի վրա առնվազն տասը տարով ավելի ծեր տեսք կարող է տալ: Ինչպես ասում են՝ բա դա մեզ պե՞տք է:

4. Պրոֆեսիոնալ դիմահարդարները խորհուրդ չեն տալիս վերցնել մեր մաշկից ավելի մուգ երանգով տոնային քսուկ ՝ դա եւս անբնական տեսք կհաղորդի մեր մաշկին:

5. Խորհուրդ է տրվում վերցնել մաշկի գույնից մի երանգ բաց տոնային քսուկ. բայց հիշենք՝ ոչ մի երանգ ավելի: Ֆրանսիացիները այսպիսի մի հետաքրքիր արտահայտություն ունեն. «Մի երանգ բաց – 10 տարով ավելի երիտասարդ»:

Տոնային քսուկներ՝ նախատեսված յուղոտ մաշկի համար

Յուղոտ մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի տոնային քսուկներ, որոնք պարունակում են Ցինկ և  A ու B վիտամիններ: Ընդամենը խանութում պետք է կարդանք տոնային քսուկի բաղադրությունը: Խորհուրդ չի տրվում կառուցվածքով ավելի խիտ տոնային քսուկներ վեցնել. դա անբնական տեսք կտա մեր դեմքին: Տոնային քսուկ դիմափոշին ուղղակի ամենաիդալականն է յուղոտ մաշկի համար:

Տոնային քսուկներ չոր մաշկի համար

Չոր մաշկի համար տարվա բոլոր եղանակներին անհրաժեշտ է խոնավեցնող  քսուկներ օգտագործել: Այս պարագայում կօգնեն խոնավեցնող մասնիկներ պարունակող տոնային քսուկները, որոնք կօգնեն պահպանել ջուրը մաշկի տակ: Պարտադիր է նաեւ, որ քսուկը պարունակի յուղ. դա կներծծվի մաշկի մեջ և ավելի փափուկ ու հարթ կդարձնի այն: Չոր մաշկի համար խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել այժմ մոդայիկ դարձած BB տոնային քսուկները: Բայց քանի որ դրանք հիմնականում լինում են բաց երանգի՝ մենք կարող ենք այն խառնել մեր մաշկի համար նախատեսված տոնային քսուկի հետ:

Վերջում միասին դիտենք ռուսական Առաջին ալիքի կողմից պատրաստված «Ստուգողական գնում» հաղորդման՝ տոնային քսուկներին մասին թողարկումը: Հեղինակները համեմատում են մի քանի տոնային քսուկներ՝  ե՛ւ ավելի էժանները, ե՛ւ համեմատաբար թանկերը: Որո՞նց բաղադրությունն է առավել շահեկան ու անվտանգ, կա՞ արդյոք տարբերություն թանկ ու էժան տոնային քսուկների միջեւ: Այս ամենի մասին՝ տեսանյութում:

Ա.Խ.

 

Նախորդ հոդվածը‘Ինչու է Թուրքիան ականազերծում Հայաստանի հետ սահմանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412 դրամ/դոլար’