‘
Տաջիկական ОМОН-ի նախկին հրամանատար, գնդապետ Գուլմուրոդ Խալիմովը, որը նաև հայտնի է ալ-Տաջիկի անունով, դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր «պատերազմի նախարարը»՝ այդ պաշտոնում փոխարինելով Աբու Ումար աշ-Շիշանի մականվամբ հայտնի՝ զոհված Թարխան Բատիրաշվիլիին: Այդ մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, IRNA գործակալությանը հաղորդել է Իրաքի Նայնավա նահանգի անվտանգության ծառայության աղբյուրը: «Տաջիկ Գուլմուրոդ Խալիմովն ընտրվել է ԻՊ-ի ռազմական գլխավոր ղեկավար: Այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում, քանի որ ԻՊ-ն վախենում է, որ նա ավիահարվածների թիրախ կդառնա»,- հաղորդել է զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ԻՊ-ի պարագլուխների մեծ մասը Սիրիայում է, իսկ Նայնավայում միայն «երկրորդ կամ երրորդ կարգի պաշտոնյաներ են, նրանք բոլորն էլ, բացահայտվելու և ոչնչացվելու ահից, փակ կյանք են վարում և չափազանց հազվադեպ են մարդամեջ դուրս գալիս»,- ասել է աղբյուրը:
Հուլիսի սկզբին ԻՊ-ն հաստատեց աշ-Շիշանիի մահվան լուրը:
Սիրիա փախած և ԻՊ-ին հարած Գուլմուրոդ Խալիմովը 2015 թ. մայիսին տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին և հայտարարել, որ չի ցանկանում մնալ Տաջիկստանում, որտեղ «տղամարդիկ չեն կարող ազատորեն մորուք կրել, իսկ կանայք՝ հիջաբ», և կոչ է արել հետևել իր օրինակին:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘