‘
Տաջիկստանում առաջարկել են խստացնել ազգականների միջև ամուսնությունների արգելքը: Ինչպես փոխանցել է «Азия-Плюс»-ը, Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունները մշակել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Սաոդատ Ամիրշոևան: Ըստ այդմ՝ առաջարկվում է արգելել ամուսնությունները զարմիկների և զարմուհիների միջև: Ընտանեկան գործող օրենսգրքի համաձայն՝ չեն թույլատրվում ամուսնություններ մերձավոր ազգականների միջև (ծնողների և զավակների, եղբայրների և քույրերի, ինչպես նաև՝ մի կողմից՝ պապի կամ տատի, և մյուս կողմից՝ թոռնուհու կամ թոռան միջև):
Մի քանի տարի առաջ Deutsche Welle-ն, մեկնաբանելով այս թեման, նշել էր, թե Տաջիկստանում յուրաքանչյուր հինգերորդ ամուսնությունը մերձավոր ազգականների միջև է կայանում: Նաև մեջբերվում էին մանկաբարձության, գինեկոլոգիայի և մանկաբուժության տեղական ինստիտուտի տվյալները, որոնց համաձայն՝ այդ ինստիտուտի կողմից գրանցված՝ նորածինների պաթոլոգիաների և շեղումների մոտավորապես մեկ քառորդը հենց արյունապղծության հետևանք է, հաղորդում է Lenta.ru-ն:
‘