‘Տաջիկստան. Ռախմոնի դուստրը նշանակվել է նրա աշխատակազմի ղեկավար’

1125

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը հրամանագիր է ստորագրել իր դստերը՝ Օզոդա Ռախմոնին պետության ղեկավարի գործադիր մարմնի ղեկավար նշանակելու մասին:

Մինչ այդ 38-ամյա Օզոդա Ռախմոնը երկրի արտաքին գործերի առաջին փոխնախարարն էր:

Հինգ երեխաների մայր, Ջորջթաունի և Մերիլենդի համալսարանների շրջանավարտ Օզոդան Տաջիկստանի՝ անցյալ տարվա դեկտեմբերին ազգի հայր հռչակված նախագահի ինը զավակներից մեկն է: Նրա ամուսինը երկրի ազգային բանկի տնօրենի առաջին տեղակալն է: Նախագահի ավագ որդին ղեկավարում է Տաջիկստանի հակակոռուպցիոն գերատեսչությունը:

Կենտրոնական Ասիայի երկրներում կարևոր պետական պաշտոններում իրենց երեխաների ու ազգականների նշանակումն ավանդույթ է դառնում, և Տաջիկստանն այդ առումով բացառություն չէ:

Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են երկրում սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, ինչը նախագահ Ռախմոնին իրավունք կտա ցմահ մասնակցելու նախագահական ընտրություններին: Բացի այդ, սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է նախագահի ապագա թեկնածուների համար տարիքային ցենզը 35-ից իջեցնել 30: Դիտորդները համոզված են, որ այդ փոփոխությունը կատարվում է նախագահի որդու՝ Ռուստամի Էմոմալիի համար, որը Տաջիկստանում նախագահական հերթական ընտրությունների ժամանակ՝ 2020 թ., կդառնա 33 տարեկան: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը հրաժարվել է հեռուստաբանավեճից՝ Fox News-ի լրագրողուհու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Փակ ճանապարհներ կան’