‘Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս գիշեր կրակոցներ չեն հնչել’

777

Վերջին երկու օրերին Բարեկամավան գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը՝ հավելելով, որ գիշերը նույնպես կրակոցներ չեն եղել:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը իր հերթին նշեց, որ իրենց գյուղի ուղղությամբ կրակել են անցած գիշեր: «Այս գիշեր մեր մոտ հանգիստ է եղել, սակայն գյուղացիները վատ են վերաբերվում այս ամենին»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ կրակոցներ չեն եղել միայն այս գիշեր, մնացած բոլոր գիշերները կրակում են:

Իրավիճակը հանդարտ է նաեւ Պառավաքար գյուղում: Գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին սովորականից հանգիստ է եղել:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այգիյանը մտահոգված է այն փաստով, որ համացանցում հրապարակվող նորությունները պատճառ են հանդիսանում, որ մարդիկ անհանգստանան, ինչն էլ խնդիրներ է առաջացնում: Այնուամենայնիվ, գյուղապետը վստահեցնում է, որ այս պահին եւ առհասարակ այսօր ոչ մի դեպք չի գրանցվել: Խոսելով գյուղի վիճակի մասին՝ Այգիյանը ասաց, որ ընդհանուր առմամբ լարված է:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին բարկացրեց մեր զանգը, սակայն այնուամենայնիվ նա հայտնեց, որ իրենց մոտ նույնպես ամեն ինչ հանգիստ է:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար գնադակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Գնդակոծության հետեւանքով վնաս էր հասցվել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենային, ինչի հետեւանքով ԿԽՄԿ-ն կասեցրել էր իր նախաձեռնությունը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի’
Հաջորդ հոդվածը‘Ռոջերսը գոհ է ԱՄՆ-ի մրցաշարից’