‘
Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որը սերտորեն համագործակցել է վերջերս սկանդալային համբավ վաստակած պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի հետ, խոստովանել է, որ երկար տարիներ տեղյակ է եղել կանանց նկատմամբ նրա վերաբերմունքի մասին:
«Ես բավական շատ բան եմ իմացել՝ անելու համար ավելին, քան ես արել եմ», — ասել է Տարանտինոն The New York Times-ի հետ հարցազրույցում:
«Դա ավելին էր, քան ասեկոսեները: Դա այն չէ, որ ես լսել եմ ուրիշներից: Մի երկու դեպքի մասին ես հաստատ գիտեի», — ասել է Տարանտինոն՝ ափսոսանք հայտնելով, որ պատասխանատվություն չի վերցրել իր վրա եւ գործուն քայլերի չի դիմել այն ժամանակ:
Լոս Անջելեսի ոստիկանությունը քննում է Վայնշթայնի դեմ հարուցված՝ սեռական բռնության դեպքերով մեղադրանքները: Վերջին շրջանում Հոլիվուդի մի շարք կին աստղեր հայտարարել են, որ Վայնշթայնը իրենց «գործերը դասավորելու» դիմաց սեռական հարաբերություններ է պահանջել: Ինքը՝ պրոդյուսերը, կտրականապես հերքում է որեւէ հարաբերություն առանց կողմերից մեկի համաձայնության:
‘