‘Տարոնի «Մերսեդեսը» «մարշրուտկին» վնաս չէ’

1488

Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը գտնում է, որ հանրությունը պետք է շարունակի օգտվել հնամաշ երթուղայիններից ու նոր ներկրված, բայց անհարմար ավտոբուսներից, մինչեւ բավարար ֆինանսական միջոցներ գտնվեն վիճակը շտկելու համար: Միեւնույն ժամանակ, պաշտոնյան նորմալ է համարում այն, որ քաղաքապետարանի աշխատակիցները եւ այլ պաշտոնյաներ երթեւեկում են թանկարժեք ծառայողական մեքենաներով:

iLur.am-ը հարցրեց պարոն Նավասարդյանին՝ տեղյա՞կ է նա, որ տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր երթեւեկում են կռացած վիճակում:

Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, — պատասխանեց Հենրիկ Նավասարդյանը, — Եթե դուք նկատել եք, 2-3 տարի առաջվա եւ այսօրվա հասարակական տրանսպորտի վիճակը համեմատության մեջ բավական մեծ տարբերություն ունի: Եթե 2012-ի հունվարի 1-ի դրությամբ 200-215 ավտոբուս էր օրական երթուղի դուրս գալիս, ապա այս ընթացքում 370-ից ավել նոր ավտոբուսներ են շահագործման հանձնվել: Դեռեւս մենք վերջնական լուծման չենք հասել, քաղաքապետարանը շարունակում է մրցույթներ կազմակերպել, շարունակում է նոր ներդրումներ գտնելու, միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու գործընթացը, ինչը աստիճանաբար կբարելավի մեր ժողովրդի երթեւեկության վիճակը:

Միեւնույն ժամանակ, տեսնում ենք, որ վերջերս ներկրված ավտոբուսները անորակ են եւ շատ արագ շարքից դուրս են գալիս: Ավելի նպատակահարմար չէ՞ ներկրել ավելի քիչ, բայց ավելի որակյալ ավտոբուսներ, քան ավելի մեծ թվով էժանագին ավտոբուսներ:

Իհարկե, ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում սիրով կքննարկենք նաեւ այդ հարցը: Մի մոռացեք, որ վերջերս ներկրված ավտոբուսները Չինաստանի կառավարության կողմից դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նվեր ենք ստացել: Այդ նվեր ստացած ավտոբուսները շահագործում ենք, եւ մեծ խնդիրների առաջ չենք կանգնած, ինչը դուք նշում եք: Ի՞նչ տեխնիկական խնդրի մասին է խոսքը՝ ավտոբուսների արտաքին տեսքը բավարար չէ՞, թե՞ անսարք է:

Աղմուկ են հանում, թանձր ծուխ են արձակում, կահավորված են պլաստմասսե չոր նստարաններով…

Պլաստմասսե նստարանները քաղաքային տրանսպորտի համար ընդունված կարգ է աշխարհում: Սա միայն մեզ մոտ չէ:

Բայց փոխարենը՝ մեզ մոտ պաշտոնյաները, մասնավորապես՝ քաղաքապետարանի աշխատակիցները երթեւեկում են թանկարժեք ու հարմարավետ ծառայողական մեքենաներով:

Ես չգիտեմ՝ ինչո՞ւ եք դուք քաղաքապետարանի աշխատողի մնեքենան կապում հանրային տրանսպորտի հետ:

Որովհետեւ թե մեկը, թե մյուսը հանրային միջոցներով են ձեռք բերվում:

Դրանք տարբեր նպատակների ծառայող տրանսպորտային միջոցներ են: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ունենայինք այն ֆինանսական միջոցները, որ «Մերսեդես» մակնիշի ավտոբուսներ գնեինք հանրային տրանսպորտի համար, որի արժեքը հատը 150-200 հազար դոլար է: Ցավոք սրտի, այսօր չունենք այդ հնարավորությունը:

 

Հ.Գ. Հենրիկ Նավասարդյանի ղեկավարը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երթեւեկում է 2007թ արտադրության «Մերսեդես-Բենց S450 AMG» ավտոմեքենայով, որի գինն այսօր շուկայում տատանվում է $80-120 հազարի սահմաններում: Նա նաեւ, իր իսկ ներկայացրած հայտարարագրի համաձայն, միանձնյա սեփականության իրավունքով տիրապետում է 2006 թ. արտադրության 1(մեկ) «Ռենջ-Ռովեր Սուպեր չարջ, եւ 2002թ արտադրության 1(մեկ) Մերսեդես Բենց G 500 ավտոմեքենաների: Սա միանձնյա սեփականություն է: Իսկ հանրային միջոցների հաշվին Մարգարյանն ու իր ենթակաները, ինչպես նաեւ՝ ՀՀ այլ բարձր եւ միջին պաշտոնյաներ երթեւեկում են $20-80 հազար արժողությամբ ծառայողական  ավտոմեքենաներով:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյան. Իրանի դեսպանը չի տիրապետում իրավիճակին’
Հաջորդ հոդվածը‘ԿՀՎ-ի գաղտնի բանտերին վերաբերող «լեհական» գործով երրորդ տուժած անձը Եմենից է’