‘
«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է վերցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ 200 մլն դրամ, ի՞նչ եք կարծում՝ նման ծախսերն իմաստ ունե՞ն մի երկրում, մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ:
-Այդ գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է՝ այդքան գումար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի կողմից է լինելու, բարերարներ կան, և արդեն ավանդույթ է դարձել այս տոնակատարությունը մեր երևանցիների համար և ոչ միայն երևանցիների, այլ ողջ հայության համար, երբ օր առաջ սպասում են Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, որ միասին նշենք, մեր մեծ տան ծննդյան օրը, իսկ ինչ մնում է այդ գումարի համար շահարկումներին, վերջին շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետևյալը կասեմ, որ պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մասը՝ առյուծի բաժինը, բարերարների կողմից է լինում, մեր Երևանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ հստակ 200 մլն-ի մասին է: Բարերարները պարտադիր չի, որ մենակ գումարով մասնակցեն, կարող են այլ միջոցներով էլ մասնակցեն, որ մենակ կարողանանք ավելի լավ կազմակերպել տոնը:
—Մի քանի բարերարի անուն կնշե՞ք:
-Ինձ թվում Է՝ բոլորս ոչ թե պետք է խոսենք մենակ դրա մասին, գումարի, այլ պետք է խոսենք, որ ավելի տոնական տրամադրություն ստեղծենք մեր երևանցիների, մեր Երևանի հյուրերի համար և համայն հայության համար: Երբ վերցնենք ծրագիրը, կտեսնեք հովանավորողների, կազմակերպությունների լոգոտիպ նշանները, արդեն բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր են:
—Ավելի նպատակահարմար չէ՞ բարերարների տրամադրած գումարների մեծ մասը խնդիրների լուծմանը ծառայեցնեք:
-Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ մենք պետք է նշենք Երևանի տոնակատարությունը, ինչո՞ւ չէ՝ նաեւ պետք է տրամադրություն ստեղծենք մեր երևանցիներին, մեր Երևանի հյուրերին, մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Այո, միանշանակ տոնի տրամադրություն կա, եթե մեր մեծ տան ծննդյան օրն է, ուրեմն պետք է ստեղծենք այդ տրամադրությունը, այդ տրամադրությունն ստեղծելով էլ պետք է բոլորը սրտացավ լինեն Երևանի օրվա զարգացումներին և նաև, ինչու չէ՝ Երևանի խնդիրների հետ կապված:
—Ի դեպ, նորից Ռուսաստանից աստղե՞ր եք բերելու և Վոլոչկովայի պես նրանց հետ էլ նկարվեք ու «Ֆեյսբուքով» տարածեք: Ինչպես երևում է, գեղեցիկ և ճանաչված կանանց հետ սիրում եք նկարվել, հաճախակի եք թարմացնում Ձեր ֆեյսբուքյան էջի լուսանկարները:
-Ավելի լավերին ենք բերելու: Ւ դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը «Էրեբունի- Երևանի» տոնակատարությունից չի, իսկ ինչ մնում է՝ ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար՝ հայկական հայտնի երգիչ-երգչուհիներ են լինելու, բայց արտասահմանինը ինձ թվում ա պետք է մնա անակնկալ և այդ ժամանակ մեր երևանցիները կտեսնեն: Բոլորի համար է անակնկալ լինելու: Իսկ էդ նկարները ես չեմ թարմացնում, այլ ինձ խանդողներն ու նախանձողները: Ուզում եմ նշել նաև, որ այս տարի աննախադեպ արտերկրից մեր Երևան քաղաքի քույր քաղաքի ներկայացուցիչներն են լինելու՝ 31 պատվիրակություն է լինելու, որ երբևիցե այդքան շատ պատվիրակություն չի եղել՝ քաղաքապետերի գլխավորությամբ, փոխքաղաքապետերի և այն պատասխանատու անձերի, որոնք ներկայացնելու են իրենց քաղաքը Երևան քաղաքում, իրենց շնորհավորանքն են ուղղելու մեր Երևանին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
‘