‘
Արաբկիր համայնքի բնակչուհի Նազիկո Պալյանի սեփական տան անտվանգությանը արդեն երեք տարի է, ինչ վտանգ է սպառնում: Պատճառը տան հիմնական պատի ամբողջությամբ բացակայությունն է, որը առաջացել է հարեւանությամբ գտնվող տունը քանդելու հետեւանքով: «Նախկինում հարեւանությամբ գտնվող տանը բնակող քաղաքացիները հիմնովին քանդել են իրենց սեփական տունը, որի հետ մենք ունեինք ընդհանուր տանիք եւ հիմնական պատ: Ինձ պատճառելով զգալի չափի վնասներ՝ տան տերերը հրաժարվում են փոխհատուցել գումարը, որի չափը որոշվել է դատարանի կողմից՝ բազմաթիվ փորձաքննություններից հետո»,- այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Նազիկո Պալյանը՝ հավելելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ են թողել վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները:
Նրա խոսքով՝ այս պատմության մեջ ամենակարեւոր կետն այն է, որ այժմ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում վերանայելու պահանջ է ներկայացվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ով գտնվում է բարեկամական հարաբերությունների մեջ պատասխանող կողմի՝ Հենրիկ եւ Ծովիկ Մարտիրոսովների հետ: «Տարոն Մարգարյանը իր անունից բողոք է ներակայացրել վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով կայացված վճիռը, այն պարագայում, երբ երեք դատարանները արդեն իսկ անփոփոխ են թողել այն: Այս միջոցով Տարոն Մարգարյանը, փորձելով օգտագործել իր պաշտոնը եւ անունը, ակնհայտ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձ է անում »,- նշեց հայցվոր Նազիկո Պալյանը՝ հավելելով, որ այս տարիների ընթացում Մարտիրոսովները փոխհատուցումից խուսափելու համար խարդախությամբ փորձել են վաճառել իրենց սեփականությունը:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Տարոն Մարգարյանը այս վեճում ներգրավվել է որպես երրորդ կողմ այն պարագայում, երբ նախկին քաղաքապետը մի քանի անգամ գրավոր ձևով նշել էր, որ այս հարցը չի առնչվում քաղաքապետարանի շահերին եւ ըստ այդմ՝ քաղաքապետի՝ որպես կողմ ներգրավվելու անհրաժեշտությունը չկա: Այսինքն՝ այն պարագայում, երբ գործը անցել է բոլոր երեք դատական ատյաններով, Տարոն Մարգարյանը՝ հերքելով նախկին քաղաքապետի պատասխանը, հայց է ներկայացնում վերաքննիչ դատարան:
Հայցի քննությունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Նշենք, որ նիստի սկզբում դատավորը չթույլատրեց լրագրողներին տեսանկարահանել նիստը՝ պատճառաբանելով, որ հաճելի չէ:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ, ով մեզ հայտնեց, որ հիմնական խնդրիրը այն է, որ որեւէ մեկը չի վիճարկել այն հանգամանքը, որով քաղաքապետարանը նախկինում տվել է քանդելու թույլտվություն, ինչի արդյունքում մեկ այլ քաղաքացի կրել է նյութական վնասներ եւ դիմել է դատարանին՝ այդ վնասների համար փոխհատուցում ստանալու նպատակով: «Այս մասով քաղաքապետարանի որեւէ շահ չի ոտնահարվել, իսկ հայցը ներկայացվել է արհեստական հիմքով՝ օգտվելով քաղդատ օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասով, որի համաձայն երրորդ անձը իրավունք ունի դիմել դատարան, եթե իր շահերը կամ պարտականությունները որեւէ կերպ առնչվում են այս գործին: Քաղաքապետը դատարանին է դիմել պարտականությունների մասով, իսկ շահերի մասով վեճի առարկայի հետ կապված շահերի հակասություն չի ունեցել: Այս իմաստով նրա գործողությունները անտրամաբանական են, իսկ եթե քաղաքապետարանի գործողությունները անտրամաբանական են, ապա այստեղ պետք է փորձել գտնել ոչ թե իրավաբանություն, այլ մեկ այլ շահ»,- նշեց Խաչատրանը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը կհրապարակի հուլիսի 10-ին:
‘