‘Տարոն Մարգարյանը և իր աներձագը «չորով ատկազ» են կանգնում, կամ աներորդին դատի է տալու փեսային’

2868

Գողական աշխարհում գոյություն ունի «չորով ատկազ» հասկացությունը. դա նշանակում է, որ ինչ ապացույց էլ քեզ ներկայացնեն՝ կատարածդ հանցագործությունն ապացուցելու համար, պետք է միայն պատասխանես, որ դու դրա հետ կապ չունես:

Նույն քաղաքականությունն են որդեգրել նաև թիվ 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ռոբերտը և Տարոնը՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և իր փեսան՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեկ մենք հրապարակեցինք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ վերոնշյալ տխրահռչակ «տանդեմի» անդամները հանդիսանում են Երեւանում հանրային տրանսպորտի 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրները: Մեր հրապարակած փաստաթղթերից, նախ, պարզ է դառնում, որ այժմ ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերը ոմն Բունիաթյան Արմեն է, որը Ռոբերտ Սարգսյանի հարևանն է, իսկ ընկերության իրավաբանական հասցեն Ռոբերտ Սարգսյանի բնակարանի հասցեն է: Էլեկտրոնային ռեգիստրից մեր կողմից ներբեռնած փաստաթղթերը նաև ապացուցում են, որ Ռոբերտ Սարգսյանը «Ռոբերտ-Տարոն» ընկերության մասնակից է եղել 1999 թ. հուլիսի 21-ից մինչև 2008թ. հունիսի 16-ը: Իսկ Տարոն Մարգարյանը ընկերության մասնակից է եղել 2008 թ. հունիսի 19-ից մինչև 2010 թ. մայիսի 4-ը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ եղած ժամանակ Տարոն Մարգարյանը հանդիսացել է նաև թիվ 5 և 32 երթուղիները սպասարկող ընկերության միակ մասնակիցը:

Ի՞նչ պետք է անի գողական աշխարհի օրենքներով չառաջնորդվող մարդը նման իրավիճակում:  Երբ մենք երեկ հրապարակում էինք վերոնշյալ փաստաթղթերը,  կարծում էինք, թե Ռոբերտ-Տարոն ընտանեկան տանդեմի անդամները կարդարանան, թե՝ դե բա գիտեք ինչ կա, այո, մերն է եղել, բայց վաճառել ենք, հիմա է՛լ մերը չի և այլն: Բայց ի զարմանս մեզ՝ երեկ yerkir.am-ին  տրված բացատրության մեջ Ռոբերտ Սարգսյանը «չորով ատկազ» է կանգնել և հայտարարել, որ ինքն ընդհանրապես կապ չունի ընկերության հետ: «Կայքը ստում է, որ ՍՊԸ-ն մերն է: Մենք «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հետ ընդհանրապես կապ չունենք: Եթե կայքն ապացուցի, որ դա մերն ա, ես դատի կտամ նրան, ով որ տրամադրել ա փաստաթղթեր ու ասել ա, որ դա մերն ա»,- ասել է նա:

Դիտարկմանը` ուզում եք ասել` հրապարակված փաստաթղթերը կե՞ղծ են, Ռոբերտ Սարգսյանը պատասխանել է. «Ես դա չեմ ասում, ես ասում եմ, որ այդ ՍՊԸ-ն մերը չի: Թե ի՞նչ փաստաթուղթ է ինքը հանել, ես չգիտեմ»:

Այս կապակցությամբ ընդամենը մեջբերենք Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն՝ դատի են տալիս ոչ թե զրպարտելու, այլ ապացուցելու համար: Բայց ամենավերջը նա է, որ նա դատի է տալիս փաստաթղթերը տրամադրողին՝ «e-register» կայքէջին, որը 3000 դրամ մուծման դիմաց ավտոմատ տրամադրել է փաստաթուղթը…
Չնայած՝ գծատերերի ցանկը նաեւ տրամադրել է քաղաքապետարանը, բնականաբար, Տարոն Մարգարյանի թույլտվությամբ: 
Օֆ, օֆ, հիմա էլ ներընտանեկան սկանդալ՝ աներորդին դատի է տալիս փեսային»:

Իր աներձագից ետ չի մնացել նաև Տարոն Մարգարյանը, որը ևս կտրականապես հերքել է իր կապը «Ռոբերտ-Տարոն» ընկերության հետ: Ներկայացնենք լրագրողի և Տարոն Մարգարյանի հարց ու պատասխանը՝ առանց խմբագրման.

«Մամուլում անընդհատ գրում են, որ դուք  գծատեր եք, և առաջին հերթին՝  Ձեզ է  շահավետ սա:

Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Տ.Մ.  Ինձ թվում  ա՝  այդ մամուլում,  հնչած, հա,  որոշ անձերի կողմից այդ արտահայտությունները, ես վստահեցնում եմ, որ ես գծատեր չեմ, և այն հայտարարությունները, որ կատարում են Ավան վարչական շրջանում՝ տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են՝ նման  բան չկա:

Ընդամենը կարող ենք փաստաթղթերով և փաստերով ֆիքսել, որ նման… իմ համար շատ զարամանալի է, և երբ որ նման …

Ասում են՝ «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸն է, հա՞, Ձեզ պատկանում:

Տ.Մ . «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն… ես շատ ՍՊԸ -ներ և կազմակերպություններ և սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է Տարոն: Դա նշանակում է՝ ի՞մն է:Մենք  նաև պետք է այդ կողմից դիտարկենք և հասկանանք, որ ընդամենը հերյուրանքներ են դրանք, ընդամենը շահարկում են որոշ անձինք,  և վստահեցնում եմ, որ նման խնդիր չկա»:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Եզրակացնենք միայն, որ պաշտոնյային կարելի է բնութագրել ոչ թե սխալով, այլ  այդ սխալի նկատմամբ իր արձագանքով: Կա  ևս մի կարևոր կանոն: Եթե ձեր ենթական հանցանք  է գործել, և դուք նրան պատժել եք դրա համար, ապա դա ի՛ր հանցանքն է: Եթե դրա համար դուք նրան չեք պատժել, ապա հանցանքը տեղափոխվում է ձեզ վրա: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ երբ պաշտոնյան հանցանք է գործում, համակարգը չի պատժում նրան, այլ ամեն կերպ փորձում է պաշտպանել, իսկ հնարավորության դեպքում պատժում է նրան, ով բարձրաձայնել է այդ հանցանքի մասին: Այնպես որ՝ վերջնական արդյունքում գծատերը, լրագրողին հայհոյողը, կոռումպացված պաշտոնյան, գործարարներին քցողը և գումարները օֆշորներում թաքցնողը Սերժ Սարգսյանն է:

Հ.Գ. Պետք է նաև մեր զարմանքը արտահայտենք լրագրողի աշխատաոճի կապակցությամբ: Երևի միայն շատ ալարկոտը չի ծանոթացել մեր հրապարակած փաստաթղթերին, և դրանից հետո Տարոն Մարգարյանին հարցնել՝ «Ասում են՝ «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ- ն է, հա՞, Ձեզ պատկանում»՝ ավելի քան զարմանալի է: Ոչ թե ասում են, այլ ապացուցում են և փաստաթղթեր են հրապարակում, հարգելի՛ լրագրող: Այս ամենի կապակցությամբ կարելի է նաև չզարմանալ Տարոն Մարգարյանի պատասխանի վրա. ինչպես հարցնում են՝ այնպես էլ պատասխանում են:

Հարություն Գևորգյան

Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանը և իր աներձագը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են (փաստաթղթեր)


Նախորդ հոդվածը‘Իմ տնից 3 հոգի խոպան ա գացել, անաստվածնե’ր. արմավիրցի 85-ամյա պապիկը` վարչապետին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սրանք են պատմական փաստերն ու փաստաթղթերը’