‘Տարոն Մարգարյանին աստիճանաբար դարձնում են «Հայաստանի Բրեժնևը». «168 ժամ»’

1359

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող կիսակառույց փողոցն անվանակոչել 1966– 74թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Անտոն Քոչինյանի անունով։ Գրում է «168 ժամը» և հավելում. «Այս որոշումն արտառոց է այնքանով, որ Անտոն Քոչինյանի պաշտոնավարման տարիների «խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու» մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոց է անվանակոչում մի մարդու անունով, ում դեմ պայքարել և ում պաշտոնավարման օրոք երկամյա բանտարկության է դատապարտվել իր հայրը»:

Թերթը նաև անդրադառնում է Տարոն Մարգարյանի՝ շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալուն, ինչպես նաև ատենախոսությանը: Թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս տեղեկատվության մեջ սենսացիոն է ոչ միայն Երևանի քաղաքապետի կողմից իմաստուն խաղի ֆեդերացիայի նախագահ դառնալը, այլև այն, որ պարզվում է՝ Տարոն Մարգարյանը նաև շախմատ խաղալ գիտի: Ավելին, այդ խաղին տիրապետում է մանկուց: Իհարկե, այդ տեղեկատվության իսկությունը որևէ կերպ հնարավոր չէ ճշտել, դա ոչ էլ կարևոր է: Ինչպես որ հնարավոր չէ ճշտել (գոնե առայժմ)՝ իրականում իր թեկնածուական ատենախոսության մեջ քանի՞ տող է հեղինակել Տարոն Մարգարյանը, եթե ընդհանրապես որևէ մասնակցություն ունեցել է, բացի ստորագրելուց:

Բայց էականը Տարոն Մարգարյանը չէ, ավելին, տպավորություն է, կարծես նրա շրջապատը, գուցե իշխանության վերնախավն ամբողջությամբ, որոշել է ծաղրի առարկա դարձնել Տարոնին, և դա առայժմ նրանց հաջողվում է: Խնդիրն այն է, սակայն, որ Տարոնին իրենից հեռու նման կոչումներ ու պաշտոններ շնորհելով՝ իշխանությունն ավելի շատ ծաղրում է հասարակությանը, քան Տարոն Մարգարյանին, ով հազիվ թե գիտակցում է, որ աստիճանաբար դառնում է «Հայաստանի Բրեժնևը»: Տարոնին տնտեսագիտության թեկնածուի կոչում շնորհելով, այժմ էլ՝ «իմաստուն խաղի» մայրաքաղաքային ղեկավար դարձնելով՝ իշխանությունը հասարակությանը ցույց է տալիս իր վերաբերմունքը գիտության, շախմատի, ընդհանուր առմամբ՝ ինտելեկտի հետ կապված ցանկացած գործունեության նկատմամբ:

Իհարկե, խնդիրը ոչ միայն իշխանություններն են ու Տարոնը, այլ նաև նրան տնտեսագիտության թեկնածու «դարձնող» գիտնականներն ու նրան ղեկավար ընտրող շախմատիստները, բայց դա քննարկման այլ նյութ է: «Ինտելիգենցիայի» այդ խավի վարքագիծը նորություն չէ հասարակության համար, նրանք դոկտորի կոչում ու ՖԻԴԵ-ի հուշամեդալ կարող են տալ նույնիսկ ՀՀԿ-ի Գևորիկին կամ Շմայսին, որովհետև գիտնականներից շատերը նույնպես «փաթթած ունեն», թե ինչ են մարդիկ մտածում իրենց մասին:

Թե որքան ու մինչև ուր կարող է շարունակվել այս արժեքային դեգրադացիան՝ դժվար է ասել: Սակայն դատելով կոնկրետ Տարոն Մարգարյանի «կարիերայի աճի» արագությունից, պետք չէ բացառել, որ մի օր էլ հայտնի դառնա, որ իշխանությունը նրան պատրաստում է՝ որպես թեկնածու: Նախագահի: Հայաստանի Հանրապետության»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Բացահայտվել է Գալուստ Սահակյանի «էկոնոմիա» անելու գաղտնիքը. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ապրանքները կորցնում են մրցունակությունը Եվրոպայում. «Ժողովուրդ»’