‘Տարոն Մարգարյանի խոստացած հարմարեցված ավտոբուսները կշահագործվեն 3 տարի ուշացումով’

890

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մոտ օրերս շահագործման կհանձնվեն առաջին տասը ավտոբուսները, որոնք հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիրներ ունեցող, մասնավորապես, սայլակ օգտագործող անձանց համար: Այս պահին ընթանում են վերելակների տեղադրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանը 2012-ից ի վեր մի քանի անգամ հայտարարել է, որ հարմարեցված ավտոբուսները “շուտով” կգործարկվեն: Նախ, 2012-ի ապրիլին Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի շահագործման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ դրանցից 25-ը հնարավորություն ունեն ապահովել անվասայլակով տեղաշարժվող քաղաքացիների ելումուտը: Մարգարյանը հավաստիացրեց, որ մինչեւ 2012-ի տարեվերջ դրանք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով: 

Արդեն 2013-ի հունիսին` քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո եւ տրանսպորտի թանկացման տխրահռչակ որոշումը կայացնելուց առաջ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը iLur.am-ին ասաց, որ հարմարեցված 10 (‘) ավտոբուսները կշահագործվեն 2013-ի դեկտեմբերին: 

«Կամար» ՓԲԸ հիմնադիր Հայկ Վարդանյանը, որը զբաղվում է այս խնդրով, disabilityinfo.am-ի հետ զրույցում վերելակների տեղադրման գործընթացի ձգձգումը պայմանավորել է նրանով, որ դրանք ներկրվում են Չինաստանից, եւ երկար ճանապարհ են կտրե:«Վերելակները լավ որակի են և բավական լավ խնամք են պահանջում: Կարծում եմ` քաղաքապետարանը կընտրի նաև այնպիսի վարորդների, որոնք ավելի բանիմաց են և ծառայությունները հաշմանդամություն ունեցող ուղևորների համար պատշաճ կերպով կմատուցեն: Տեղադրման աշխատանքներից հետո վարորդները նաև որոշակի ուսուցում կանցնեն»:

Աղբյուրի փոխանցմամբ, որոշվել են նաեւ մի քանի երթուղիներ, որոնք ամենաերկարներից են և տանում են նաև «Գրացիա» վերականգնողական կենտրոն:

Վերջնական երթուղիները կորոշվեն` հաշվի առնելով նաև հասարակական կազմակերպությունների առաջարկները:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցով բանակցություններում պայմանավորվել են զինադադարի կոչ անել’