‘
Կառավարության երեկվա նիստում բավական ուշագրավ միջադեպ գրանցվեց: Երևանի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը հաստատելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե ապագայում արդյոք սպասվում է, որ նման անբարեխիղճ կառուցապատողներ, նման ռիսկեր կլինեն: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ պատասխանեց, թե նման ռիսկեր Երևանում այլևս չկան: «Ի տարբերություն Ձեզ՝ ես ստանում եմ ահազանգեր»,- հակադարձեց վարչապետը և մանրամասնեց այդ զանգերի բովանդակությունը: Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ հայտարարեց, որ եթե հիշողությունն իրեն չի դավաճանում, նման ռիսկեր կան գլխավոր պողոտայում:
Նկատենք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու իր ենթակաների համար սուտ խոսելն արդեն դարձել է կենսակերպ: Շատերը կհիշեն, թե ինչպես նախագահական քարոզարշավի ժամանակ 150 հազար դրամ աշխատավարձերով աշխատատեղերի մասին իր ստերով Մարգարյանն անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին: Հիմա էլ, փաստորեն, վարչապետի ու կառավարության անդամների մոտ բացահայտ ստում է նրա տեղակալը՝ Կամո Արեյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:
‘