‘
Քաղաքապետարանի Yerevan.am կայքի «Հայտարարություններ» բաժնի «Հողամասերի աճուրդներ» ենթաբաժնում նորից տարօրինակություններ են տեղի ունենում: Մոտ երկու ժամ առաջ ահազանգ ստացանք, որ չնայած վերջին շաբաթներին հողերի աճուրդ անցկացնելու բազմաթիվ հայտարարություններ կան, սակայն, դրանք բացակայում են կայքում: Ավելի ճիշտ, դրանք մի պահ երեւացել են, սակայն, որոշ ժամանակ անց՝ անհետացել: Եւ հիմա, քաղաքապետարանի կայքի այդ բաժնի վերջին հայտարարությունը թվագրված է հունվարի 29-ով:
Yerevan.am կայքի խմբագիր Սուրեն Գեղամյանը iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ոչ մի հայտարարություն կայքից չի հանվում, այլ դրանք գնում են պահոց: Ուշագրավ է, որ կայքի այդ բաժինը պահոց որպես այդպիսին, չունի: Եւ բացի դա, եթե անգամ կայքերը ունենում են պահոցներ, (արխիվ), ապա այնտեղ հայտնվում են այն նյութերը, որոնք ավելի վաղ են տեղադրվում, եւ ոչ թե նրանք, որոնք տեղադրվում են ամենավերջում: Ինչեւէ, ավելի ուշ Գեղամյանը մեզ հայտնեց, թե իբր տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ հայտարարությունը կայքում չի երևում: Դրանից հետո, սկսեց տեղի ունենալ ամենատարօրինակը՝ քաղաքապետարանի Yerevan.am կայքում իրար հետեւից սկսեցին հայտնվել «կորած» հայտարարությունները՝ ընդամենը վայրկյանների ընթացքում հայտնվեց 6 հայտարարություն՝ թվագրված մարտի 5-ով, 14-ով, 21-ով ու 27-ով:
Նշենք, որ հողամասերի աճուրդը նշված հայտարարություններից որևէ մեկով դեռ չի անցկացվել, սակայն քաղաքապետարանը, չգիտես ինչու, որոշել է «պահոց գցել» դրանք:
Նշենք, որ քաղաքապետարանն առաջին անգամը չէ, որ նման գործելաոճ է կիրառում: Նման մի դեպք էլ նախորդ տարի էինք արձանագրել: Քաղաքապետարանը կրկին պնդել էր, թե կայքից որևէ հայտարարություն չի հանվել, որ դրանք պահոցում են, հետո՝ պնդել էին, թե տեխնիկական խնդրի պատճառով վերջին հայտարարությունները չեն երեւում ուղղակի, սակայն ավելի ուշ «չհանված» հայտարարությունները կրկին հայտնվել էին կայքում:
Ի դեպ, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, նման «տարօրինակությունները» քաղաքապետարանի կայքում ամենեւեին էլ պատահականորեն չեն կատարվում: Բանն այն է, որ ըստ սահմանված կարգի՝ կայանալիք աճուրդի մասին հայտարարությունը դրվում է կայքում, սակայն, որոշ ժամանակ անց այն միտումնավոր հեռացվում է, որպեսզի աճուրդի մասին տեղեկատվությունը, (ուշադրություն՝ խոսքը հենց կայանալիք աճուրդների մասին է) հնարավորինս քիչ մարդկանց հասանելի լինի: Դրա հետեւանքով, աճուրդին հնարավորություն են ունենում մասնակցել հնարավորինս քիչ եւ հնարավորինս ձեռնտու մարդիկ, որոնց էլ ցանկալի գներով եւ տարբերակներով աճուրդի հանված հողերը վաճառվում է:
Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ գեղեցիկ չի»:
Հ.Գ. Ստորեւ ներկայացնում ենք քաղաքապետարանի կայքից անհետացած եւ ապա վայրկյանների ընթացքում հետ վերադարձած հայտարարությունների տեսապատկերները:
‘