‘Տարվա ամփոփում. Կորուստներ եւ ձեռքբերումներ’

2279

Մշակութային կյանքը Հայաստանում անցնող տարվա ընթացքում նշանավորվեց թե′ հաճելի իրադարձություններով եւ թե′ այնպիսի դեպքերով, որ ավելորդ անգամ ստվերեցին մշակույթի պահպանման եւ զարգացման գործը եւ դրա նվիրյալներին: Մի շարք երեւույթներ մեծ աղմուկ բարձրացրին հասարակության մեջ, մասնավորապես՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու` մշակույթի նախարարության անօրինակ մտահղացումը, երկար ձգված պաշտոնակռիվը Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար, Միկոյանի չարաբաստիկ արձանի տեղադրման հարցը, որին այդպես էլ պատասխան չտրվեց՝ Միկոյա՞նն էր չարաբաստիկ, թե՞ արձանի տեղադրումը, աճուրդի հանված Մարզահամերգային համալիրը, որ հետո, չգիտես թե ինչու, հանձվեց պաշտպանության նախարարությանը, իսկ Երեւանի «բարեկարգման» շրջանակում եւս մեկ ճարտարապետական հուշարձան՝ Աֆրիկյանների ակումբի շենքը, ապամոնտաժվեց կամ, ավելի ճիշտ՝ պարզապես վերացավ:

Այդուհանդերձ, քիչ չէին արժեքավոր մշակութային իրադարձությունները, որոնք իսկապես հարստացրին առանց այդ էլ անդադար հարվածների տակ գտնվող այս ոլորտը: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունվարի 13-16 անցկացվեց  «Քշիշտոֆ Պենդերեցկու Օրերը Հայաստանում»` նվիրված դարի ականավոր կոմպոզիտոր, հայկական ծագում ունեցող Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին: Մայիսի 12-ին Երեւանում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի բացառիկ համերգը: Հիշեցնենք, որ այս տարի Շառլ Ազնավուրը տոնեց իր 90-ամյակը: Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Կինոփառատոնի բացման արարողությունը նշանավորվեց պատվավոր հյուր, աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկին «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնմամբ, ինչին ի պատասխան՝ հռչակավոր արվեստագետը ոչ միայն հանդես եկավ երախտիքի խոսքով, այլև արարողության բոլոր հյուրերին անակնկալ մատուցեց` կատարելով հատված կորեական ազգային մի երգից: Նոյեմբերի 17-22-ը Երևանում անցկացվեց  Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով:

Մշակույթն իր բաժին ահռելի կորուստներն ունեցավ նաեւ անվանի գործիչների մահվան պատճառով: Այս տարի կյանքից հեռացան՝
Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926թ.), նկարիչներ՝ Ստեփան Մինասյանը (1929թ.)  եւ Հենրիկ Մամյանը (1934թ.), քանդակագործ՝ Արա Շիրազը (1941թ.), գրողներ՝ Լեւոն Խեչոյանը (1955թ.)  եւ Սամվել Մկրտչյանը (1959թ.), ռեժիսոր Արմեն Մազմանյանը (1960թ.), դերասաններ՝ Սվետլանա Գրիգորյանը (1930թ.), ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը,  եւ անժամանակ մահացած Հասմիկ Ղարիբյանը (1980թ.): Երաժշտական աշխարհը ծանր կորուստ ունեցավ՝ ի դեմս կյանքից հեռացած դիրիժոր Արամ Ղարաբեկյանի (1955թ.), կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի (1928թ.), օպերային երգիչ Վահան Միրաքյանի (1936թ.): Կյանքից հեռացան նաեւ գիտության, քաղաքականության, հասարակական այլ ոլորտների անվանի գործիչներ. ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանը (1959թ.), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը (1948թ.), փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը (1928թ.), լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը (1920թ.), բանաստեղծ, թարգմանիչ Մետաքսեն (1926թ.), Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը (1950թ.), գործարար Հրանտ Վարդանյանը (1949թ.), ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը (1933թ.):

Այս տարի աշխարհում մահացած հայտնի մարդկանց թվում են այնպիսի աշխարհառչակ անուններ, ինչպիսիք են ՝ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը (1928թ.), դերասան, ռեժիսոր Ռոբին Ուիլյամսը (1951թ.), կիթառահար Պակո դե Լուսիան (1947թ.)  եւ բրիտանացի երգիչ Ջո Քոքերը (1944թ.): Մեր հարեւան Վրաստանը հրաժեշտ տվեց նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին (1928թ.)  եւ վրացական տնտեսության բարեփոխիչ, Վրաստանի տնտեսության բարեփոխումների համակարգման հարցերով նախկին նախարար եւ գործարար Կախա Բենդուկիձեին (1956թ.): Քաղաքական գործիչներից այս տարի կյանքից հեռացան նաեւ Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը (1928թ.)  եւ խորհրդային այլախոհ, հրապարակախոս Վալերիա Նովոդվորսկայան (1950թ.):

Մարզական աշխարհի կարեւոր իրադարձություններից առանձնացնենք՝ փետրվարի 7-23-ը Սոչիում կայացած 22-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը եւ հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի 20-րդ առաջնությունը: Սոչիի Օլիմպիադայում ընդհանուր հաշվարկով լավագույն եռյակը կազմեցին, համապատասխանաբար՝ Ռուսաստանը, Նորվեգիան եւ Կանադան, իսկ Բրազիլիայում՝ աշխարհի չեմպիոնի կոչումը 4-րդ անգամ նվաճեցին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ արծաթը թողնելով Արգենտինայի հավաքականին: Առաջնությունը հյուրնկալող Բրազիլիան անհաջողությամբ ավարտեց մրցաշարը՝ բրոնզե մեդալները զիջելով Նիդեռլանդների հավաքականին:

Լևոն Արոնյանը, Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում կայացած «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարում 10 տուրերում հավաքելով 8 միավոր, դարձավ հեղինակավոր մրցաշարի հաղթողը:
Երևանում, FIDE ղեկավար Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ, մարտի 2-15-ը անց է կացվել Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում էին 27 երկրի 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:
Հիշարժան էր նաեւ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, սեպտեմբերին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթանակ  տարավ եզրափակչում եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: 98կգ քաշային կարգում եզրափակիչում հանդես եկավ հայ դյուցազուն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Եզրափակիչում Արթուրի մրցակիցը գերմանացի Օլիվեր Հասլերն էր: Գյումրեցի ըմբիշը հաղթանակը նվաճեց ընդամենը 55 վայրկյանում և հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Վերջինս Հայաստանի 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի տարեմուտի նիստը. «Տոներից հետո անմիջապես շարունակելու ենք իշխանափոխության գործընթացը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ապաքաղաքական. iLur-ի մեկ օրը: Ու հերթական մեկ տարին’