‘Տաքսիստները բողոքում են նոր կարգից (ֆոտոշարք)’

901

Հանրապետության հրապարակում այսօր մի քանի տասնյակ տաքսու վարորդներ բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ մարտի 1-ին ուժի մեջ մտած օրենքի: Համաձայն օրենքի՝ խստացվում է տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն ստանալու կարգը:

Վարորդները բողոքում են, որ ժամանակ չեն ունեցել ծանոթանալու նոր կարգին եւ համապատասխանեցնելու մեքենաներն ու փաստաթղթերը, քանի որ Կառավարությունը նոր կարգի մասին հայտարարել է հունվարին: Նոր կարգի համաձայն՝ լիցենզիա ստանալու համար տաքսի ծառայություն մատուցողները պարտավոր են ամսական 12 հազար դրամ վճարել, բացի դրանից՝ գազի բալոնի թույլտվություն ունենալ, արտաքին գովազդ տեղադրել մեքենայի վրա եւ այլն: Այս կանոնները չկիրառելու դեպքում վարորդները կտուգանվեն 50 հազար դրամով: Վարորդները նշում են, որ այսօր արդեն Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր էր անում Երեւանում:

Վարորդները դժգոհում են նաեւ, որ կառավարությունը խստացրել է տաքսիների թույլ տված՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների նկատմամբ հսկողությունը: Հայտարարվել է, որ անխտիր պատժվելու են «երկրորդ գծից» հաճախորդ վերցնողները, ինչպես նաեւ՝ այլ կանոնների խախտումներ թույլ տված վարորդները, որոնց նկատմամբ նախկինում ավելի մեղմ վերաբերմունք էր ցուցաբերվում:

Ցույցին մասնակցող տաքսիստներն իրենց հերթին պահանջներ էին ներկայացնում Կառավարությանը՝ տաքսու պարկեր, մայթեզրերին հատուկ կայանատեղեր եւ այլն:

Ցուցարարների մի մասը գնաց Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ բանակցելու փոխնախարար Արթուր Ալեքսանյանի հետ:

Այսօր, նույն ժամին, տաքսիստները բողոքի ցույց են անցկացրել նաեւ Գյումրիում:  

Նախորդ հոդվածը‘Տաքսիստները՝ նախարարության աշխատակցին. «Գնացեք ձեր միջի օլիգարխներին գտեք եւ իրանցից հարկ ուզեք»’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 4 մլն դոլար’