‘
Դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու նպատակը՝ մասնավոր տաքսիստների վերացումն է։ Հայտարարում են տաքսիսները, որոնք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Շենգավիթ համայնքում։
«Դա միայն մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի մեծահարուստները բերեն իրենց տաքսիները , որ մենք գնանք իրենց պարկերում աշխատենք»,- տաքսիստներից Վովա Աղայանի խոսքերն է մեջբերում «Ա1+»-ը։
Վարորդների համար անհասկանելի են կառավարության քայլերը՝ սկզբում իրենց ստիպեցին սպիտակ համարանիշները փոխարինել դեղինով, հիմա նորից պահանջում են անցնել սպիտակների:
«Մի կարգին ղեկավար է պետք, որ մի բան որոշեն դա մնա, մարդիկ տարբերում են, նստում են ինչի մասին է խոսքը, մի օր սպիտակ, մի օր դեղին, մի օր կարմիր, մի օր կապույտ, մի օր երկաթից, մի օր թղթից»,- ավելացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց կարծիքով կառավարությունն իր ոչ հեռատես քայլերով էլ ավելի է ծանրացնում իրենց սոցիալական վիճակը:
«Եթե ամսվա մեջ մեկ անգամ փլավի վրա կոտլետ էր լինում, այդ կոտլետն էլ վերցրին, մնաց միայն փլավը»,- ավելացրեց նրանցից մեկը։
Տաքսիների դեղին համարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելուն, բուժզննման և տեխզննման գործառույթները վերացնելու հարցերի շուրջ մարտի 6-ի քննարկում էր կազմակերպել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը, ակայն որոշում դեռ չի կայացրել:
‘