‘Տաքսու վարորդները Գագիկ Բեգլարյանից բացատրություն են պահանջում’

1402

Դեղին համարանիշներով տաքսիների մի խումբ վարորդներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել դեղին համարանիշները կպչուն ժապավեններով փոխարինելու Կառավարության նախաձեռնության դեմ: Ակցիային ներկա էր և տաքսու վարորդների բողոքները լսեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Թեև ներկայացվում է, որ նոր նախագծով ավելի պարզեցվում է լիցենզավորման գործընթացը, սակայն պարզ է մի բան, որ դեղին համարների և նոր առաջարկվող թղթի կտորի նպատակը դաշտը օրինականացնելն է, ինչը նույնիսկ դեղին համարներով չարվեց, էլ ինչպես հավատանք, որ այդ թղթի կտորով կանեք»,- տաքսու վարորդների խոսքը նախարարին փոխանցեց Քաղաքացիական դիրքորոշում ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը։ Ըստ նրա՝ նախքան նոր նախագիծ առաջարկելը, ավելի լավ կլիներ գործող դեղին համարների միջոցով դաշտը գոնե 95 տոկոսով օրինականացվեր:

Գագիկ Բեգլարյանն էլ իր հերթին նշեց, որ նոր օրենքը, տաքսու վարորդներին տեխզննման, բուժզննման և հաշվապահական թղթերի համար վճարումներից կազատի, քանի որ նոր օրենքի համաձայն՝ տաքսու վարորդները բուժզննում չեն անցնելու, «այսպես թե այնպես այդ բուժզննումը նրանք չէին անցնում, սակայն որոշակի գումար էին վճարում «Անհատ տաքսի ձեռներեց» կազմակերպություններին, որի դիմաց դրվում էր կնիք, թե իբր անցել են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք զրկել են Դոստուրյանի նման մարդկանց բիզնեսից՝ ի օգուտ տաքսիստների:

«ԱՏՁ-ները տաքսու վարորդներին թյուրիմացության մեջ են գցում, տաքսու վարորդները նրանց յուրաքանչյուր ամիս վճարում են 15000-18000 դրամ, իսկ հիմա կվճարեն ամսական 12 000 դրամ և բոլորը կլինեն հավասար: Այդ գումարները տաքսու վարորդները վճարում էին ոչ հարկային դաշտում, իսկ այսօր կվճարեն պետական հարկը և կաշխատեն օրինական դաշտում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Տրանսպորտի և կապի նախարարին չհաջողվեց Դոստուրյանին համոզել, որ նոր օրենքը օրենքի արդյունավետ է, քանի որ, վերջինիս խոսքով, հիմքեր չկան հավատալու: Իսկ վարորդներին ուրախացրեց ավելորդ գումարներ վճարելուց ազատվելու հանգամանքը, միայն, թե նրանք ևս մտավախություն ունեն, որ նոր Կառավարություն ձևավորվելու ժամանակ հնարավոր է օրենքն այս անգամ ևս փոփոխության ենթարկվի:

Հեղինակ՝ «Փաստինֆո»
 

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Իվանչուկ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի խոսնակին կպատասխանի «Ժառանգության» խոսնակը, «եթե հարկ համարի»’