‘«Տգից կտրել, որ բոյ տա». Գյումրիի քաղաքապետարանի չինովնիկը՝ Մինասի կտավի մասին’

832

Գյումրու նախկին և ներկա քաղաքապետների հակամարտությունը տնտեսականից մշակութային դաշտ է տեղափոխվել: Վերջերս կոնֆլիկտային իրավիճակ է հասունացել անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի շուրջ, որն անցյալ տարվա հոկտեմբերին «Քարմշակմեքենա» կիսաքանդ գործարանից հանդիսավորությամբ բերվեց քաղաքապետարանի շենք:

«Հրապարակը» գրում է, որ կտավի վերականգնման աշխատանքները պետք է ավարտված լինեին 6-7 ամիս առաջ, ինչի համար անհրաժեշտ է մոտ 16-18 մլն դրամ: Սակայն Գյումրու քաղաքապետարանը, որը, պայմանագրի համաձայն, ֆինանսավորում է ռեստավրացիոն գործընթացը, հրաժարվում է տրամադրել պահանջվող գումարը, պատճառաբանելով, որ իրական պարտքը մոտավորապես 4 մլն դրամ է, և եթե «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավարությունը համաձայն չէ, թող դիմի դատարան: Ըստ հիմնադրամի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանի, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ բանակցությունների ընթացքում հաշվարկվել էր «Հայկական հովվերգության» վերականգնման ամբողջական արժեքը՝ 57 մլն դրամ:

«Վարդան Ղուկասյանը համաձայնեց, որ չի կարող վերականգնումն ավելի էժան լինել, բայց քանի որ գումարների սղություն կար, առաջարկեց իջեցնել պայմանագրում արձանագրված գումարը մինչև 37 մլն դրամի, իսկ մնացած ծախսերի մեծ մասն իր վրա վերցնել և աշխատանքների ընթացքում չբավարարող գումարը վճարել մաս-մաս: Եվ տալիս էին: Բայց հիմա գումարներ այլևս չեն տալիս մեզ»: Հիմնադրամը պարտք է Իտալիայի Պալացցո Սպինելլի ինստիտուտին, մասնագետներին, Իտալիայից նյութեր է դուրս գրել, որոնք Հայաստանում գոյություն չունեն, և որոնց դիմաց դեռ չի վճարել:

«Հայաստանը խայտառակ է եղել: Մարդիկ նույնիսկ անհարմար են զգում մեզ հարցնեն, որ ինչու են ձեզ այսքան տվել, այլ ոչ թե այնքան»,- ասում է Արման Ավետիսյանը: Վերականգնողներին չեն վճարում, ասելով, որ գործ անեն, հետո գումարը կստանան: «Եթե մենք մալյարների բրիգադ լինեինք, ուրիշ բան, բայց դա երկար և մանրակրկիտ աշխատանք է, մարդիկ պետք է ինչ-որ տեղ ապրեն, նրանց Գյումրիում մնալու ծախսերը պետք է հոգալ»,- ասում է Արման Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին կառավարությունը նախաձեռնել էր Մինասի մի շարք որմնանկարներ կիսախարխուլ գործարաններից տեղափոխել Երևան: Սակայն այս նախաձեռնությունը կանխվեց, քանի որ Գյումրիում բողոքի ալիք բարձրացավ: Այժմ ահռելի կտավի երկու մեծ կտորները տեղավորել են նիստերի դահլիճում: Այն չի ջեռուցվում, քանի որ դատարկ է, և բացի որմնանկարից այնտեղ ոչինչ չկա: Կիսատ վերականգնված կտավները ցածր ջերմաստիճանի պայմաններում կարող են վնասվել: Մեծ գեղանկարչի գլուխգործոցի այս կտորները մեծ դժվարությամբ, դրանք վտանգի ենթարկելով՝ ներս են բերվել վերամբարձ կռունկների օգնությամբ, պատուհանից, քանի որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն արգելել է շենքի ներսից, աստիճաններով բարձրացնել վերև: Նա ասել է, որ որմնանկարը վերև բարձրացնելիս կարող են փչացնել շենքի «ռեմոնտը»: Մինասի գործի կտորներից մեկի տեղը որոշելիս էլ այն փորձել են կախել քաղաքապետարանի առաջին հարկում, նախասրահի պատին: Տեսնելով, որ կտավը պատից բարձր է, քաղաքապետարանի մշակույթի վարչության պետն առաջարկել է այն «տգից կտրել, որ բոյ տա» (տակից կտրել, որ տեղավորվի):

Սյուզան Սիմոնյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ Կաթողիկոսը Տիգրան Առաքելյանին ազատելու խնդրանքով չի դիմում Սերժ Սարգսյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերը պետք է գաղտնի պահել Թուրքիայից ‘