‘
Ուստա Հրանտի արհեստանոց
Մաս Ա. Սերժը վատն է, բայց ելույթը լավն է. տեղեկատվական ֆոնը եւ տեղեկատու հատվածները
«էսի ժիզնենի ա, ախպերս»
Վերջերս ընկերներիցս մեկը, նկատի ունենալով քաղաքական տեքստներն ու ելույթները, հարցրեց՝ ո՞նց կարելի է արագ կողմնորոշվել քաղաքական ելույթների, հոդվածների ուղղվածության մեջ: Չկարողացա արագ պատասխանել, որովհետեւ, ինչպես լինում է, հեշտ չի հստակ ձեւակերպել այն, ինչը քեզ ինքնին պարզ է թվում: Պատասխանի փոխարեն՝ որոշեցի գրել այս նյութը:
Ինչ որ այստեղ կգրեմ, չի հավակնում մասնագիտական լինելուն, այլ բխում է միմիայն համեստ, բայց բավականին երկարատեւ անձնական փորձից: Անշուշտ, թեմայի շուրջ կա հարուստ գրականություն, եւ ցանկացողները կարող են այն ուսումնասիրել, բայց իմ գրածը գրականությունից չէ, այլ, այսպես ասած՝ կյանքից, «ժիզնենի ա, ախպերս»: Օգտագործածս եզրերը նույնպես զուտ պայմանական-աշխատանքային են: Այս բոլոր սահմանափակումներով հանդերձ՝ կարծում եմ, փոքրիկ ամփոփումս կարող է օգտակար լինի մարդկանց, որոնք, մի կողմից, ուզում են արագ կողմնորոշվել քաղաքական լրահոսի գերծավալուն հոսքում (եթե չասենք՝ հաճախ՝ սպամում), բայց չունեն բավականաչափ ժամանակ կամ ցանկություն՝ չափից ավելի խորանալու:
Քաղաքական-տեղեկատվական դաշտն ահավոր է բարդացել վերջին շրջանում եւ դրա հետ ամենօրյա ռեժիմով գործ չունեցողի համար գրեթե «անընթեռնելի է» դարձել: Մյուս կողմից էլ, ինչպես կփորձեմ ցույց տալ, ամեն բան իրականում շատ պարզ է եւ հասանելի ցանկացած տառաճանաչ մարդու համար, ով ունի տրամաբանելու թեկուզ տարրական կարողություն: Վստահ եմ, որ մարդկանց մեծ մասն իրենց առօրյա կյանքում շատ ավելի բարդ իրավիճակներ է հաջողությամբ վերլուծում. պետք է միայն հասկանալ, որ քաղաքականությունը կյանքից կտրված կամ ինչ-որ այլմոլորակային օրենքներով գործող ոլորտ չէ, այլ իրականացվում է մարդկանց կողմից, հետեւաբար՝ ենթակա է մարդկային տրամաբանության պարզագույն կանոնների:
Նշեմ նաեւ, որ բոլոր ներքոշարադրյալ օրինակները, ինչպես ասում են, հիմնված են իրական դեպքերի վրա. միայն անուններ չեմ տալու՝ հասկանալի պատճառներով:
Տեղեկատվական ֆոնը եւ տեղեկատվական արժեքը
Եվ ուրեմն, նախ՝ հստակեցնեմ հարցադրումը: Ինչպե՞ս արագ կողմնորոշվել քաղաքական խոսքի՝ ելույթների, հարցազրույցների, հրապարակումների, նաեւ՝ քաղաքականացված մամուլի մեկնաբանությունների, վերլուծականների եւ նույնիսկ սովորական լրահոսի հորձանուտում:
Միանգամից ձեւակերպեմ հիմնական կանոնը: Քաղաքական խոսքում նախ պետք է առանձնացնել տեղեկատվական ֆոնը՝ երկրորդական կամ որեւէ արժեք չունեցող մասը՝ բուն տեղեկատու (ինֆորմատիվ)՝ իրական իմաստը պարունակող միավորներից:
Ի՞նչ է տեղեկատվական ֆոնը: Դա այդքան էլ հեշտ չէ միանգամից սահմանել. կփորձեմ այս երեւույթը հասկանալի դարձնել հետագա ողջ շարադրանքով, բայց սկզբում շատ նախնական, աշխատանքային սահմանում-նկարագրում տամ: Ֆոնայինը, ի տարբերություն տեղեկատուի՝ կարելի է սահմանել որպես վերացական, ընդհանուր, բոլորին հայտնի կամ ինքնին պարզ համարվող նորույթ եւ կոնկրետություն չպարունակող խոսքի հատվածը: Նաեւ կարեւոր է, որ ֆոնային մասից չի բխում որեւէ կոնկրետ գործնական հետեւանք՝ այն ավելի շատ արձանագրում է, քան եզրակացնում եւ կոչ անում:
Հակառակը՝ տեղեկատու մասն այն է, որի մեջ կա այս կամ այն չափի նորույթ, կոնկրետություն, եւ որից քիչ թե շատ անուղղակիորեն գործնական հետեւանքեր են բխում: Նկատեմ, որ պարտադիր չէ, որ այս բոլոր բնութագրիչները համընկնեն մեկ հատվածում, եւ պարտադիր չէ, որ ֆոնային եւ տեղեկատու հատվածները միշտ կտրուկ տարբերվեն իրարից՝ անցումը կարող է քիչ թե շատ սահուն լինել, համապատասխանաբար՝ խոսքի հատվածն էլ՝ առավել կամ պակաս տեղեկատու: Ավելի պարզ լինելու համար խոսեմ օրինակներով (ինչպես նշել եմ, բոլոր օրինակներն իրական են, բայց տրվում են առանց անունների եւ հղումների):
Օրինակ Ա
Մի գործիչ հարցազրույց է տալիս, որի ամեն երկրորդ նախադասության մեջ նա բացասական գնահատականներ եւ բնութագրիչներ է շռայլում իշխանության եւ Սերժ Սարգսյանի հասցեին՝ վա՛տն են, անգրագե՛տ են, գավառացի՛ են, ձախողվե՛լ են եւ այլն: Միաժամանակ, նա երկու անգամ շեշտում է, որ Սերժ Սարգսյանի ելույթն այսինչ միջազգային ամբիոնից օբյեկտիվորեն լավն էր՝ չմոռանալով հավելել, որ դա, իհարկե, Սերժի շնորհքը չէ, այլ ելույթ գրողների:
Ո՞րն է այստեղ տեղեկատու, իսկ ո՞րն է ֆոնային մասը:
Ըստ իս՝ Սերժի ելույթի լավ լինելը տեղեկատուն է, իսկ Սերժի շատ վատ, անգրագետ, փիս լինելը ֆոն է: Սերժին կամ իշխանությանն ընդհանրապես կպնելը, բացասական գնահատելը ոչ թե բացառություն է, այլ գրեթե օրինաչափություն մամուլում կամ քաղաքական խոսքում: Բացի հանրապետականներից եւ գոյություն հազիվ քարշ տվող մի երկու բացահայատ իշխանամետ թերթից (ի դեպ, այնքան հետաքրքիր է, թե մարդիկ ո՞նց են պատկերացնում, որ իշխանությունը կարող է այդ աստիճան անտեր ու դուրս թողնի ինտերնետային եւ տպագիր մամուլի դաշտը, որ այդտեղ հազիվ մի երկու հատ խղճուկ թերթ ու կայք մնա)՝ այլ կերպ չի ներկայացվում (իհարկե՝ կա նաեւ հեռուստատեսությունը, բայց տվյալ դեպքում խոսում ենք համացանցային եւ տպագիր մամուլի դաշտից, որոնք միասին մի ուրույն աշխարհ են): Սերժին բացասական գնահատելը ո՛չ նորույթ է, ո՛չ առանձնապես կոնկրետ ուղերձ, ոչ էլ ինքնին գործնական հետեւանքներ ունեցող գնահատական:
Հակառակը. Սերժի ելույթը որպես լավ ելույթ գնահատելը, անկախ, հենց այդ լավ գնահատականին հետեւած հերթական «քֆուրի» Սերժի հասցեին, այս խոսքի միակ կոնկրետ տարրն է, միակ նորույթը, որ իմանում է ընթերցողը (գործնական անմիջական հետեւանքներ տվյալ դեպքում շեշտված չեն, բայց ինչպես հիշում ենք, բոլոր պայմանների համընկնումը պարտադիր չէ): Եթե կրճատենք այս հատվածի բովանդակությունը մինչեւ մեկ նախադասություն, առանց դույզն իսկ փոխելու դրա իմաստը, ապա կստանանք հետեւյալը՝ «Սերժը վատն է, բայց նրա կոնկրետ ելույթը լավն է»: Եթե մեկին ասես, որ Սերժը վատն է, իսկ նրա ելույթը՝ լավը, ապա նա կհիշի նախեւեռաջ այս մտքի երկրորդ՝ «լավ» մասը, որովհետեւ այն, որ Սերժը վատն է, «բոլորն էլ գիտեն», եւ բացի այդ՝ դա ընդհանուր, վերացական բնորոշում է, իսկ այն, որ նրա ելույթը լավն էր՝ ե՛ւ նորույթ է, ե՛ւ կոնկրետ երեւույթի կոնկրետ գնահատական: Հենց այդ պատճառով էլ «լավ ելույթը» առանձնացնում ենք տվյալ դեպքում որպես տեղեկատու հատված: Ավելին՝ ելույթի լավ լինելը միայն շեշտվում է՝ շնորհիվ «վատ մարդ – լավ ելույթ» հակադրության:
Այստեղ մի բան պետք է անպայման շեշտենք: Անշուշտ, ծիծաղելի կլիներ հեռուն գնացող եզրակացություններ անել հարցազրույցի իմաստի մասին միայն մեկ այսպիսի հատվածից: Առանձին վերցված հատվածն ինքնին ոչինչ է վերլուծության տեսակետից: Քիչ թե շատ վստահելի եզակացություններ կարելի է անել՝ միայն համադրելով բազմաթիվ նման հատվածներ, հաշվի առնելով խոսքի լայն կոնտեքստը, կրկնելիությունը, հետեւողականությունը, շարունակելիությունը եւ այլն, որոնք բոլորը միասին արդեն կկազմեն հստակ ուրվագծվող միտում: Բայց մեր նպատակն այստեղ դա չէ, այլ ընդամենը վերլուծության մեթոդը ցույց տալն է, իսկ այդքանի համար այս օրինակը բավական է եւ պիտանի:
Օրինակ Բ
Նույն հարցազրույցի մեջ հայ-թուրքական հաշտության գործընթացը նույնպես արժանանում է խիստ բացասական ընդհանուր գնահատականների, բայց միաժամանակ ասվում է, որ այդ գործընթացից Հայաստանը ոչինչ չկորցրեց (նաեւ չշահեց): Բայց ահա, եթե գործընթացը շարունակվեր, ապա լուրջ կորուստներ կարող էինք ունենալ (հարցազրույցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Սերժը «գրողի ծոցն» է ուղարկում հայ-թուրքական արձանագրությունները):
Կարծում եմ՝ արդեն դժվար չի լինի պատասխանել այն հարցին, թե ո՛րն էր այստեղ ֆոնային, իսկ ո՛րը՝ տեղեկատու մասը: Պարզ է, որ հայ-թուրքականի ընդհանուր բացասական գնահատականը վերացական է, «ինքնին պարզ է» եւ նորույթ չէ, իսկ ահա այն, որ Հայաստանը դրանից չտուժեց, եւ այն, որ փաստորեն դրանք գրողի ծոցն ուղարկվեցին ճիշտ պահին, որովհետեւ հետագայում կարող էինք մեծ վնասներ կրել, արդեն շատ ավելի կոնկրետ եւ նորույթ պարունակող խոսք է: Չոր մնացորդը հետեւյալն է. Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները որեւէ փաստացի վնաս չբերեցին մեր երկրին, իսկ ահա նույն արձանագրությունների՝ նույն Սերժի կողմից գրողի ծոցն ուղարկվելը ճիշտ քայլ էր, քանի որ ապագայում արձանագրությունները մեզ վնասելու էին: Հավելյալ մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
Ամփոփում
Հընթացս նկատենք, որ, ինչպես տեսնում ենք, նույն հարցազրույցում զարմանալի կերպով կրկնվում է նույն կաղապարը՝ «ընդհանուր վատ – կոնկրետ լավ» յուրահատուկ խաղը: Այսպես՝ վատ մարդն ունենում է լավ ելույթ, վատ արձանագրությունները չունեն վատ հետեւանք, վատ մարդն անում է լավ բան (գրողի ծոցն է ուղարկում արձանագրությունները): Սա էլ դեռ շատ քիչ է եզրակացություն անելու համար, բայց արդեն արժանի է ուշադրության: Մենք այդ գործով այստեղ չենք զբաղվի, քանի որ մեր խնդիրն ի սկզբանե այլ էր:
Հուսամ, այս օրինակներից արդեն ավելի պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեմ՝ տեղեկատվական ֆոն եւ տեղեկատու հատված ասելով, եւ ինչպես կատարել դրանց նախնական առանձնացումն իրարից: Կարող ենք ավելի հստակեցնել մեր նախնական նկարագրությունը՝ տեղեկատվական ֆոնը յուրահատուկ «աղմուկ» է՝ խոսքի իրական արժեք չունեցող մասը, իսկ տեղեկատու հատվածը խոսքի բուն արժեքն է, այսպես ասած՝ բուն «երգը»:
շարունակելի
‘