Տեղից վեր կացողը ժողովրդի վրա է «մուննաթ գալիս»․ ՉԻ

4167

Երբ իշխանությունները ՔՊ-ական անկապ պատգամավորի շուրթերով հայտարարում են, թե «Արցախի կարգավիճակի հարցը մնում է նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016-ի հունվարին և դրանից հետո, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային», այստեղ երկու տարբերակ կա։ Կամ այս իշխանությունները հիմար են, որովհետև չեն հասկանում, թե ինչ փորձանք են բերել մեր գլխին, կամ էլ հասարակությանն են հիմարի տեղ դնում՝ հույս ունեն, թե նման «կռուտիտներով» հնարավոր է խաբել ժողովրդին։ 

Ժողովրդին խաբելն, իհարկե, բարդ գործ է, իսկ ահա ամեն ինչում մեղադրելը բավականին հեշտ է։ Ընդ որում՝ եթե թավշյա, ոչ բռնի խեղկատակությունից հետո դրանով հիմնականում Նիկոլ Փաշինյանն էր զբաղված, հիմա նույն բանն ընդդիմությունն է անում։ Հիշում եք, չէ՞, թե ինչպես էր Նիկոլն աղքատության համար մեղադրում ժողովրդին (աղքատությունը ձեր ուղեղներում է), կորոնավարակի համար՝ նույնպես (դիմակ չեք կրում, չեք լվացվում), պարտության համար՝ նույնպես (ժողովուրդը չկռվեց, սաղ թողեցին-փախան), և այլն։ Հիմա էլ օրը մի քանի ժամով Երևանը պարտաճանաչ կաթվածահար անող ընդդիմությունն է մուննաթ գալիս ժողովրդի վրա։ Լավ, հասկացանք, մեկը էմոցիաների ազդեցության տակ հարթակից ասաց «չեք գալիս՝ ջհանդամին գաք», այլևս թույլ չտվեցին ելույթներ ունենա, անցավ-գնաց, բայց ակնհայտ է, որ դիմադրության շարժման լիդերներն էլ են նեղսրտած ու այլևս չեն կարողանում թաքցնել դժգոհությունը «ժողովրդի անտարբերության աստիճանից»։ Այ, ասում են, եթե պատերազմից հետո կարողանայինք նոր իշխանություններ ձևավորել, այսօր այսքան աղետալի վիճակում չէինք հայտնվի, բայց ցավոք՝ ժողովուրդը դա չհասկացավ ու փողոց դուրս չեկավ․․․ Ու մեծ հաճույքով թվարկում են այն նորանոր աղետները, որ դրանից հետո Նիկոլը բերեց ու պատրաստվում է բերել Հայաստանի ու Արցախի գլխին, վերջում էլ անպայման ճշտում են, թե հանկարծ չմտածեք՝ իշխանության համար ենք պայքարում, չէ, ի՞նչ իշխանություն, երկի՛րն ենք փրկում։

Իյա, իրո՞ք։ Բա ձեզ ժամանակին չէի՞ն ասել, որ Նիկոլը պատուհաս է, կեսը կործանել է, մյուս կեսն էլ է կործանելու։ Կամ գուցե չէի՞ն հուշել նոր իշխանություններ ձևավորելու ճանապարհը՝ երեք նախագահները միասնաբար հրաժարվում են իշխանական հավակնություններից․․․ և այլն։ Դե եթե իսկապես իշխանության համար չէիք պայքարում՝ ընդունեիք առաջարկը, հիմա ինչո՞ւ եք հետին թվով «հայրենիք փրկում» ու մեղադրում «անտարբեր ժողովրդին»։ Ժողովուրդն ի՞նչ մեղավոր է, որ «Արցախ փրկողներից» որի ունեցվածքի հայտարարագիրը կարդում է՝ պարզվում է Արցախի բյուջեից շատ փող ունի։ Ու խնդիրն այդ ունեցվածքը չէ, ոչ էլ չունևորների բնազդային հակակրանքն է մեծահարուստների նկատմամբ, խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ փաստացի պատերազմական վիճակում գտնվող հայրենիքում միլիոններ կուտակածները չեն կարող հայրենիք փրկել, նրանք ընդամենը կարող են այդ պատրվակով վերաբացել միլիոններ կուտակելու իրենց «հնարավորությունների պատուհանը»։ Պարզ ասած՝ խնդիրը մարդու տեսակն է։

Ի դեպ՝ այս ամենն ասում ենք ոչ թե ընդդիմության մեկ տարի առաջվա պահվածքը «երեսով տալու» համար, այլ որովհետև ինչ-որ բաներ փրկելու համար գուցե հիմա է՛լ ուշ չէ, գուցե եթե խինկալանոցի գովազդ հիշեցնող այդ գրոտեսկային «փրկիչները» գիտակցաբար ցրվեն տներով՝ իսկապես էլ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու օրվա պատուհասներին ստիպեն հրաժարական տալ։ Հասկանալի է, որ այս «փրկիչներից» նման բան ակնկալելը միամտություն է, բայց այդ դեպքում թող գոնե ժողովրդի վրա մուննաթ չգան։

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըՍորոս․ ՌԴ–ի ներխուժումը սպառնում է վերածվել համաշխարհային պատերազմի
Հաջորդ հոդվածը«Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (տեսանյութ)