‘Տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի երևանյան համերգը (ֆոտոշարք)’

1375

Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հունիսի 9-ին սպասված համերգով ներկայացավ հայ հանդիսատեսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Օպերային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. բացի նստատեղերից՝ դահլիճում կար նաև ոտքի վրա կանգնած հանդիսատես, որ բուռն ծափահարություններ էր ուղղում օպերային երգչուհուն:

Կաբալյեի հետ բեմում հանդես եկան նրա դուստրը` ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, նաև մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Նվագախմբի ելույթը ղեկավարեց նաև Մոնսերատ Կաբալյեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:

Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն իր շուրջ տասնօրյա հայաստանյան այցելության ընթացքում եղել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նա հունիսի 5-ին այցելել է Գանձասար և ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը և ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ: Հունիսի 7-ին  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օպերային կատարողների և պարզապես արվեստասեր հանրության համար Կաբալյեն իր հայաստանյան այցի շրջանակում վարպետության դաս է անցկացրել: Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ու Դերենիկ Դումանյանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն՝ Երևանում’