‘Տեղի է ունեցել Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը (ֆոտոշարք)’

1716

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Վարպետի երկրպագուները հրաժեշտ տվեցին իրենց սիրելի նահապետին` սրտերում պահելով Սարգսյանի վառ հիշատակը:

«Կան անհատներ, որոնք կարծես թե քեզ հետ միասին են ծնվում, այսինքն`աչքերդ բացում ես և ճանաչում նրանց: Թվում է, թե նրանք քո ծնողն են, ուսուցիչը, դաստիարակը. ուղեկցում են քեզ ամբողջ կյանքիդ ընթացքում: Սոս Սարգսյանն այդ անհատներից էր. նա մշտապես եղել է մեր կյանքում`իր ֆիլմերով, իր իմաստուն խոսքերով, խրատներով, իր բացառիկ հայի կերպարով: Դժվարությունն այն է, որ նա մեր կողքին չէ: Այժմ խորհուրդ հարցնելիս պիտի մտածես՝ ո՞ւմ հարցնես, իմաստուն խոսք լսելիս պետք է որոնես մի անհատի: Նման մարդիկ մեր հասարակությունում պակասել են, և դա շատ ցավալի է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ես կարծես որբացած լինեմ. թատերական հորս եմ կորցրել: Մենք կորցրինք մեր վերջին մոհիկանին, մեր կինոյի և թատրոնի մեծ վարպետին: Վերջին տարիներին ես արտերկրում էի ապրում և կարծես դուրս էի մեր թատերական ընտանիքից: Հիշում եմ, որ 2000 թվականին Սոս Սարգսյանն իմ մասին խոսելիս ասաց՝ «Վարդանը մեր զավակն է», և ես ինձ որդեգրված զգացի: Նրա հետ ես վերագտա հայ թատրոնը: Նա միշտ գալիս էր իմ ներկայացումներին և խոսում էր մարդկանց հետ: Ցավոք, չկարողացավ ներկա գտնվել վերջին ներկայացմանը: Սոսի մահվանից հետո բոլորս ենք որբացել »,-նշել է դերասան Վարդան Պետրոսյանը:

«Սոս Սարգսյանի հետ ծանոթացել եմ 33 տարի առաջ, և տեսել եմ նրա հիասքանչ դերակատարումները: Ինձ համար նա հորից թանկ էր: Նա հորիցս ավելին է արել, փոխել է իմ կյանքը»,-նշել է Մոսկվայից Հայաստան ժամանած լրագրող Ալեքսանդր Մինկինը:

Հրաժեշտի արարողությունից հետո Սոս Սարգսյանին հուղարկավորեցին Կոմիտասի անվան այգու պանթեոնում: 

Սեպտեմբերի 26-ին կյանքի 84-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։  Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր: 1997-2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը, 2008թ.` ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: 

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ» (1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.): ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը: Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր: 

Նախորդ հոդվածը‘Մեսսին կբացակայի 2-ից 3 շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Ջ. Քերի. Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումը կարող է ընդունվել շուտով’