‘
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Կարեն Ջանիբեկյանի երկրպագուներն ու վաստակը գնահատողները եկել էին վերջին հրաժեշտը տալու 78-րդ տարում կյանքից հեռացած ՀՀ ժողովրդական արտիստին, սիրված դերասանին:
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Կարեն Ջանիբեկյանին բնորոշեց որպես հայ թատրոնի բազմագույն և բազմաժանր դերասան: «Հրաժեշտ ենք տալիս ամենաանկրկնելի տեսակներից մեկին, որը չկա»,- նշեց Ղազանչյանը՝ վերհիշելով Ջանիբեկյանի կերտած դերերը : Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը վերհիշեց, որ Ջանիբեկյանը «խենթ էր ու խելառ»: «Նա շատ հետաքրքիր գույն էր և՛ բեմի, և՛կինոյի համար: Ցավում եմ, որ այսպես ստացվեց: Ցավալի է, որ հիվանդությունը և տարիքը տանում են մարդկանց: Ինձ համար շատ լավ խաղընկեր է եղել, երեք ֆիլմում միասին աշխատել ենք», նշեց Ղուկասյանը:
Կարեն Ջանիբեկյանին հրաժեշտ տվեցին ծափահարությունների ներքո:
‘