‘Տեսախցիկները պահենք նրանց վրա. Մամուլ’

1092

Առավոտի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. ««Արա, լսի, է, հերիք ա կամերաները մեզ վրա պահեք, արյուններս խմաք»:  Ինչպես կռահում եք, այդպես չի կարող խոսել  հողի համեստ մշակը, սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարը կամ կրտսեր գիտաշխատողը: Այդպես խոսում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի «ախրաննիկ» Գարիկ Մարգարյանը, որը նստած է ամբաստանյալի աթոռին և մեղադրվում է այդ ռեստորանի այցելուներին այնպիսի դաժանությամբ և սադիզմով ծեծելու մեջ, որ նրանցից մեկը մահացել է: Երբ նրանք իրենց ոհմակով հարձակվում էին մարդկանց վրա և խոշտանգում էին նրանց, այդ «ախրաննիկների» և մատուցողների մտքով, հավանաբար, չէր անցնում, որ պատասխան են տալու օրենքի առաջ, և նրանց վրա ուղղված կլինեն տեսախցիկները: Այդպիսով, արյուն թափելու մեջ մեղադրվող մարդիկ, փոխանակ գետինը մտնեն ամոթից, մեղադրում են լրագրողներին՝ իրենց նկարահանելու և այդպիսով իրենց «արյունը խմելու» համար: Իսկ նման «փառապանծ» որդուն դաստիարակած մայրը անպատվում է դատը լուսաբանող լրագրողին:

Բացարձակապես չեմ պատրաստվում պնդել, որ լրագրողները բոլոր պարագաներում իրավացի են: Բոլոր վիճելի դեպքերում ես պաշտպանում եմ միայն այն լրագրողներին, որոնց զուսպ, պարկեշտ և պրոֆեսիոնալ պահվածքի վերաբերյալ որևէ կասկած չունեմ: Սա հենց  այդ դեպքն է: Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ հասարակության օգուտի տեսանկյունից բոլոր, նույնիսկ վիճելի դեպքերում (անձնականի բացառությամբ) ավելի նպատակահարմար է, որ լրագրողների ուշադրությունն ուղղվի այս կամ այն երևույթի վրա, քան՝ որ այդ երևույթը կամ իրադարձությունը կոծկվի: Որքան մանրամասն է լուսաբանվում «Հարսնաքարի» դատը, այնքան շատ է հավանականությունը, որ դաժան ծեծի և սպանության մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:  Որքան հաճախ մենք հիշենք ընտրությունների ժամանակ լրագրողներին խոչընդոտած թաղային կրիմինալին, այնքան քիչ այդ կերպարները, այդ թվում՝ «Տուրբոն», հնարավորություն կունենան թաքնվելու իրենց ծակուծուկերում: Որքան շատ մենք գրենք Գյումրիի կամ Գորիսի կրակոցների մասին, այնքան կսահմանափակվի տեղացի «իշխանիկների» լկտիությունը: Հենց որ մենք հետևողական չենք գտնվում, հոգնում ենք, մոռանում ենք և այլն, իշխանությունը հնարավորություն է գտնում այդ գործերը «սվաղելու»:

Նույնը վերաբերում է այն խնդրին, որը բարձրացրել են «Հետքի» մեր գործընկերները: Խոսքը վերաբերում է այն փաստաթղթին, համաձայն որի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը առնչություն ունեն օֆշորային գոտում գրանցված ձեռնարկության հետ և խոչընդոտել են մեկ այլ գործարարի բիզնեսին: Թե որքանով են այդ տեղեկությունները ճշգրիտ՝ ես չգիտեմ. վարչապետը, համենայնդեպս, դիմել է դատախազություն: Բայց եթե մենք ամեն օր չհետաքրքրվենք՝ ի՞նչ եղավ այդ դիմումը, դատախազությունը, շատ հավանական է, այդ գործը «կքնացնի»:

Այնպես որ, հարգելի գործընկերներ, երբ պաշտոնյաները, նրանց «ախրաննիկները» և, որը գրեթե նույնն է՝ «թաղի խուժանը» ասում են՝ «հլը կամերադ հեռու պահի ստուց», դուք նրանց մի լսեք: 

Նախորդ հոդվածը‘Գործադուլին միացել են 117 փաստաբաններ’
Հաջորդ հոդվածը‘Պելե. Նեյմարը կարող է Մեսիին գերազանցել’