‘
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը շաբաթ օրն է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ընթանում էր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Զուրաբյանի հետ զրուցեցինք այս նստաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաեւ վերջին ներքաղաքական զարգացումների մասին:
— Պարոն Զուրաբյան ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը՝ հաշվի առնելով, որ հայաստանյան պատվիրակության անդամի կարգավիճակում առաջին անգամ էիք մասնակցում:
— ԵԽԽՎ-ն շատ բարդ եւ իներցիոն մեխանիզմ է: Եւ բնական է, որ ժամանակ է պահանջվում այդ մեխանիզմին տիրապետելու եւ այնտեղ արդյունավետ աշխատանք կատարելու համար: Բայց մի բան կարող եմ ասել, որ պատգամավորական մանդատով ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելը շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս: 2009-ի հունվարի նստաշրջանին մասնակցեցինք ես եւ Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ` Արման Գրիգորյանը, բայց մենք այնտեղ բավականին սահմանափակ հնարավորություններ ունեինք, որովհետեւ հնարավորություն չունեինք ելույթ ունենալու ոչ լիագումար նիստում, ոչ` հանձնաժողովներում, ոչ էլ` քաղաքական խմբերում: Այն ժամանակ մենք, իհարկե, հանդիպեցինք բոլորի հետ, այդ թվում նաեւ ԵԽԽՎ ղեկավարության, մարդու իրավունքների հանձնակատարի, քաղաքական բոլոր խմբերի ղեկավարների, ազգային պատվիրակությունների հետ, բայց կուլուարներում աշխատանքից այն կողմ դա չէր անցնում: Այսօր առաջին անգամ ընդդիմության ձայնը հնչում է լիագումար նիստերում, քաղաքական խմբերում: Այսօր հնարավոր է վերջապես խոսել բոլոր այս ֆորմատներում Հայաստանում դեմոկրատիայի վիճակի, կեսից ավելի միլիոն կեղծված ձայների մասին, քաղբանտարկյալների, Մարտի մեկի հանցագործության կոծկման, հեռուստատեսության նկատմամբ հաստատված իշխանությունների վերահսկողության մասին: Այս հարցերը ես բարձրացրել եմ եւ լիագումար նիստում` երկու ելույթների ժամանակ, եւ Նախարարների կոմիտեին հղված գրավոր հարցման մեջ, իսկ երկու դեպքում էլ, երբ ելույթի հերթը չի հասել ինձ, նաեւ ելույթի տեքստերը գրավոր փոխանցվել եւ արձանագրվել են պաշտոնական փաստաթղթերում: Եւ ես չեմ թաքցնում` Կոնգրեսի, անձամբ իմ հետաքրքրությունները ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ կապված են, նախեւառաջ, Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու հնարավորության հետ:
— Դուք մի շարք կուլուարային հանդիպումներ ունեցաք ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները, եւ նաեւ ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են, արդյո՞ք ԵԽԽՎ-ն նախկինի պես հետաքրքրված է Հայաստանով, թե՞ այժմ այլ առաջնահերթություններ կան:
— Բնականաբար, հարցի սրությունն ընկած է: ՀՀ-ի մասին ԵԽԽՎ վերջին բանաձեւը, ըստ էության, ողջունել էր իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ սկսված երկխոսությունը, ողջունել էր իշխանությունների կողմից մեր երեք պահանջների կատարումը, այն է` քաղբանտարկյալների ազատ արձակումը, Մարտի մեկի հետաքննության վերսկսման խոստումն ու Ազատության հրապակարակում ցույցերի արտոնումը: Եւ իմ պարտքն էր` տեղեկացնել ԵԽ-ին, որ թեեւ այն ժամանակ Հայաստանը, թվում էր, թե նորից բռնել էր դեմոկրատական անցման ուղին, այսօր ամեն ինչ գնում է հակառակ ուղղությամբ: Նորից քաղբանտարկյալներ են հայտնվել Հայաստանում, նորից կեղծվում են ընտրությունները` այն էլ ամբողջությամբ աղավաղելով հայ ժողովրդի կամքը, չեն կատարվում մեր հասարակության եւ ԵԽՎՎ պահանջները` Մարտի մեկի հանցագործներին պատժելու եւ հեռուստատեսությունը ազատականացնելու ուղղությամբ: Այս ահազանգերը, որոնք հնչեցրի եւ լիագումար նիստերում, եւ իմ հանդիպումներում, կոչված են նորից սեւեռել ԵԽ-ի ուշադրությունը` Հայաստանի դեմոկրատիայի վիճակի վրա: Սա առավելեւս հնարավոր է, քանի որ այս նստաշրջանում ԵԽԽՎ-ն ընդունեց առանցքային մի բանաձեւ` «քաղբանտարկյալ» տերմինի սահմանման վերաբերյալ:
— Ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ի այդ քայլը, ըստ ձեզ, այս սահմանումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ անդամ երկրներում ազատությունների եւ ժողովրդավարության համար պայքարող անձանց վրա, արդյո՞ք դա հավելյալ լիազորություններ կամ լծակներ կտա ԵԽԽՎ-ին` անդամ երկրներում քաղբանտարկյալների առկայությունը թույլ չտալու հարցում:
— Շնորհիվ այս բանաձեւի՝ ԵԽԽՎ-ն ստացավ մի հստակ գործիք, որի մասին ես խոսել եմ իմ ելույթում: Այսինքն, ունենալով այս հստակ չափանիշները` ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն կարող են լրջորեն գնահատել քաղբանտարկյալների հետ կապված խնդիրները` բոլոր երկրներում: Բացի դա, երկու կարեւոր ուղերձ հղվեց ամբողջ աշխարհին. 1` որ Եվրոպայում մնացած ավտորիտար իշխանությունները չեն կարող անպատիժ գործել, եւ 2` որ ԵԽԽՎ-ն, ըստ էության, իր ձեռքն է մեկնում բոլոր նրանց, ովքեր դեմոկրատական ազատություն համար պայքարի պատճառով այսօր նստած են բանտերում: Այս կապակցությամբ ես կուզեմ նշել եւս երկու կարեւոր հանգամանք. 1` այս նվաճման մեջ մեծ դեր է խաղացել 2008-ից մինչեւ հիմա մղվող մեր պայքարը: Այդ պայքարը ստիպեց ԵԽԽՎ կառույցներին կարեւորել քաղբանտարկյալ բառի սահմանման նշանակությունը: Եւ այս առումով, կարծում եմ, որ մեր շարժումն իր ավանդն ունի այս հարցի կարեւորման գործում: 2` այստեղ պետք է նաեւ հարցը դիտարկել Ադրբեջանի քաղբանտարկյալների կոնտեքստում: Ես լսել էի Ադրբեջանի կոռուպցիոն լոբբիստական գործունեության մասին ԵԽԽՎ-ում, բայց այն, ինչ տեսա Ստրասբուրգում, անցնում է երեւակայության բոլոր սահմանները: Այնտեղ արդեն, ինչպես ցույց տվեցին իմ քննարկումները տարբեր երկրների պատգամավորների եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, համարյա բաց խոսում են այն մասին, որ Ադրբեջանի այդ կոռուպցիոն լոբբիստական գործունեությունը դարձել է լրջագույն վտանգ: Նշում են անգամ կոնկրետ մարդկանց անուններ, որոնք ուղղակի գտնվում են Ադրբեջանի այդ վճարային ցուցակի մեջ: Եւ ինչն է հետաքրքիր` այդ «խավիարի քաղաքականությունը», որի մասին արդեն երկար ժամանակ խոսվում է, եւ անգամ նման անունով հրապարակում է եղել, արդեն ընկալվում է ոչ թե վտանգավոր՝ հայերի շահերի համար, այլ` արդեն եվրոպական կառույցների մաքրության համար: Ընդ որում՝ ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաեւ ԵՄ Խորհրադարանում: Բացահայտ խոսվում է այն մասին, որ տարբեր եվրոպական երկրների պատգամավորներին հրավիրում են Ադրբեջան, հյուրընկալում են լավագույն հյուրանոցներում, մատուցում տարբեր տեսակի ծառայություններ, նվերներ, եւ սա արդեն սկսում է ընկալվել որպես լուրջ վտանգ: Քանի որ, ըստ էության, Ադրբեջանը դարձել է եվրոպական կառույցների սկզբունքայնությունը եւ մաքրությունը քայքայող կոռուպցիոն մի հզոր աղբյուր: Այդ առումով շատ հետաքրքիր դարձան «քաղբանտարկյալ» տերմինի սահմանման վերաբերյալ քննարկումները, որտեղ բանաձեւի տապալման կողմնակիցները փորձեցին մի հետաքրքիր հնարքով սպանել բանաձեւը: Այն է` փոփոխությամբ հաստատել մի դրույթ, որ քաղբանտարկյալ լինելու գնահատականը ՄԻԵԴ-ի բացառիկ մենաշնորհն է: Եթե այդ փոփոխությունը անցներ, ըստ էության, կտապալվեր քաղբանտարկյալների աջակցության այս ամբողջ գործընթացը, եւ ինչպես շատերը խոսում էին կուլուարներում, դրանով «ԵԽԽՎ-ն կկորցներ իր դեմքը», եւ «կարելի կլիներ ԵԽ-ն դրանից հետո փակել»: Ասեմ, որ բանաձեւը կախված էր մազից, որովհետեւ այդ բանաձեւը սպանող փոփոխության համար քվեարկեցին 89 կողմ եւ 89 դեմ: Ինչը նշանակում էր, որ փոփոխությունը չի անցնում, քանի որ համաձայն ԵԽԽՎ կանոնադրության՝ փոփոխությունը հաստատված է համարվում, եթե դրա օգտին տրված ձայները գոնե մեկով գերազանցում են դեմերին: Ահա այսպիսի լարված պայքարի ականատես եղա եւ շատ ուրախ եմ, որ հայաստանյան պատվիրակության՝ այդ օրը քվեարկած այլ անդամների հետ միասին իմ նպաստը բերեցի այս առանցքային բանաձեւի ընդունման գործում:
— Մինչ դուք Ստրասբուրգում էիք, այստեղ ավելի թեժացան նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումները: Նորից ակտիվորեն քննարկվում են ամենատարբեր մեխանիզմներով շրջանառության մեջ դրվող տարատեսակ կարծիքներ ու վարկածներ՝ սկսած Քոչարյանի առաջադրումից, վերջացրած նրանով, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի եւ այլն: Կոնգրեսի մասով ի՞նչ կարող եք ասել` ինչպիսի՞ն է այդ հարցում ձեր ռազմավարությունը:
— Կոչ եմ անում մեր հասարակությանը չենթարկվել այն բոլոր սադրանքներին, որոնցով այսօր լեցուն են միշիկական պրոպոգանդայի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները: Նախ` մենք ամեն ինչ կանենք, որ Քոչարյանը չառաջադրվի: Մենք պարզ բացատրում ենք, որ Քոչարյանը, առաջադրման դեպքում, ստիպված կլինի պատերազմ վարել երկու ճակատով` եւ իշխանությունների, եւ ընդդիմության դեմ: Մենք չենք լռելու ոչ Մարտի մեկի մասին, ոչ նրա դիզած 4 միլիարդների մասին, ոչ այն մասին, որ այս ամբողջ քրեաօլիգարխիկ համակարգի ճարտարապետը հենց ինքն է: Կարծում եմ` հենց այս հանգամանքն է թույլ տալիս մեզ նշել, ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանն էր հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ շանս չունի, եւ իրեն կարելի է համարել մարած քարտ, որին աջակցելը միայն վնասակար կլինի ցանկացած ուժի համար: Եւ երկրորդ` ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման խնդրին, ապա, բնականաբար, հենց դրանից է կախված Կոնգրեսի ռազմավարությունը գալիք նախագահական ընտրություններում: Ես կարծում եմ, եւ Կոնգրեսի մեծամասնությունը հենց այդ կարծիքին է, որ Տեր-Պետրոսյանը առավելագույն կոնսոլիդացիոն պոտենցիալի տեր քաղաքական գործիչ է, եւ վստահ եմ, որ որոշակի քաղաքական պայմանների կատարաման դեպքում նրա առաջադրումը դառնալու է ժողովրդավարության հաղթանակը Սերժ Սարգսյանի ռեժիմի նկատմամբ: Ինքը Տեր-Պետրոսյանը շատ հիմնավոր քաղաքական մտածելակերպի տեր մարդ է, եւ ինքը չի կարող իր առաջադրման հիմքում դնել միայն ցանկությունները կամ ամիբիցիաները: Բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առաջին հերթին, եւ նրա քաղաքական թիմը, պետք է գնահատեն բոլոր մեր ռեսուրսները, գնահատեն հնարավոր քաղաքական դաշինքների ձեւավորումը, գնահատեն միջազգային հանրության արձագանքները այն դեպքում, եթե ընտրությունների կեղծումից հետո ժողովուրդը նորից ոտքի կանգնի: Այս ամենը լրջորեն պետք է հաշվարկվի, եւ դրանից հետո միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշում կընդունի:
— Վրաստանի ընտրություններն ինչպե՞ս եք գնահատում` եթե նայենք Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների պրիզմայով:
— Շատ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ իշխանության դեմոկրատական փոխանցում: Սա լուրջ նախադեպ է, որը նման զարգացման հեռանկար է բացում նաեւ Հայաստանի համար: Շատ հաճախ միջազգային միջավայրում կարելի է լսել հետեւյալ գնահատականները, թե դեմոկրատիայի հաղթանակի դժվարացումը Հայաստանում նաեւ նրա հետ է կապված, որ, առաջին` մեր տարածաշրջանի ժողովրդի մենթալիտետը հեռու է դեմոկրատական իդեալներից, եւ երկրորդ` դժվար է նման զարգացում սպասել այն ծանր միջազգային շրջապատում, որն ունի ՀԿ-ն: Վրաստանի զարգացումները ջախջախում են այդ փաստարկները եւ ավելի ընկալունակ են դարձնում միջազգային հանրությանը` Հայաստանում նմանատիպ զարգացումների նկատմամբ:
Քրիստինե Խանումյան
«Չորրորդ Ինքնիշխանություն»
‘