‘
Այսօր վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստերի դահլիճից համաներման կիրառմամբ ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ով արդեն երկու տարուց ավել է, ինչ կալանավորված էր: Տիգրանին ողջունելու նպատակով այսօր երեկոյան Սարյանի արձանի հարակից տարածքում էին հավաքվել մի քանի տասնյակ քաղացիական ակտիվիստներ:
Լրագրողների հետ զրույցում Տիգրանը նշեց, որ այս հավաքները կարծես ավանդույթ են դարձել, երբ համախոհներից ինչ-որ մեկը ազատվում է ռեժիմի ճիրաններից, բոլորը հավաքվում են այստեղ, ողջագուրվում իրար, բարևում:
iLur.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում դատավորի այսօր կայացրած վճիռը, Տիգրանը պատասխանեց, որ ինչպես ապօրինի ձերբակալեցին, այնպես էլ՝ ապօրինի բաց թողեցին և ոչ մի իրավական գնահատական չի կարելի տալ դատավճռին:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը:
‘