‘Տիգրան Առաքելյան. Սկսվել է ազատամարտիկների, մտավորականների, ուսուցիչների արտագաղթը (Տեսանյութ)’

2159

Այսօր տեղի ունեցավ ազատամարտիկների հերթական հանրահավաքը, որի սկզբում հանրությանը ներկայացվեց կուսակցությունների ներկայացուցիչների հետ չորեքշաբթի օրը կայացած կլոր սեղանի քննարկման արդյունքները:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ով անդրադարձ կատարեց ուժայինների մահակին ապավինած եւ նրանց ետեւում թաքնվող ինքնահռչակ իշխանության եւ արտագաղթի խնդիրներին:

«Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե պնդեմ, որ երկու խնդիրների լուծումը բացահայտ է եւ իրականանալի։ Լուծման համար պետք է ուսումնասիրել պատճառը։ Իսկ պատճառը մեկն է՝ կեղծված ընտրություններ, որոնք իշխող կուսակցությունը, իր առաջնորդի հետ միասին, դարձրել է բիզնես պլան և ընտրությունից ընտրություն կատարելագործում է այն։ Դրանով լուծվել է նախորդ բռնապետի անձեռնմխելիության եւ իր՝ փոխարինման եկած ինքնահռչակի գահակալման հարցը, և դրվել է ահռելի ու անտրամաբանական չափերի հասնող թալանի սկիզբը։»

Խոսելով դատական իշխանությունների մասին՝ ՀԱԿ անդամը շեշտեց, որ այն տարիներ ի վեր վերածվել է ոչ օրինակարգ եւ ինքնահռչակ իշխանության եւ դակող գործիքի նման հլու-հնազանդ կատարում է դրանց պատվերները՝ առաջին ատյանի դատավորից մինչեւ Սահմանադրական դատարանի դատավոր։

«Եթե ինչ-որ օտարերկրացու ներկայացնենք արտագաղթի պատկերը, վստահորեն կասի, որ կամ երկրում մոլեգնում է համաճարակը, կամ երկիրը գտնվում է պատերազմի մեջ։ Իրականում այդ համաճարակի անունը իշխող ռեժիմն է, իսկ պատերազմ հայտարարվել է իշխանությունը զավթողների կողմից՝ սեփական ժողովրդին, եթե միայն դրանք կարող են մեզ համարել իրենց ժողովուրդը: Ընդամենը երեկ մամուլում հրապարակվեցին արտագաղթի տեմպերը՝ մարզերի բնակչության 13-17 տոկոսը լքել է երկիրը, իսկ որ ավելի սարսափելի է, արդեն սկսում են արտագաղթել ազատամարտիկները, մտավորականները, ուսուցիչները» ,- հավելեց Տիգրան Առաքելյանը՝ անդրադառնալով արտագաղթի խնդրին:

Ելույթի վերջում նախկին քաղբանտարկյալը կոչ արեց բոլորին անմնացորդ ներդրում ունենալ կայուն, իրավական և ուժեղ երկրի ստեղծման համար:

 

Նախորդ հոդվածը‘Լիտվայի վարչապետ. Ուկրաինան առայժմ մտադիր չէ ստորագրել ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Իրակլի Գարիբաշվիլին դարձավ Վրաստանի նոր վարչապետը’