Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին

187

Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա խաղերին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:

Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Հայաստանի հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով, քանի որ ավելի վաղ երիտասարդական հավաքականին էր միացել նախապես ազգային թիմ հրավիրված Սերգեյ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Նախորդ հոդվածըԿրակել են Նորաբակի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըFrance Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները