‘Տիգրան Դավթյան. Արտագաղթի խնդրի լուծման լավագույն ձևը տնտեսության զարգացումն է ‘

746

Մենք ունենք ոլորտներ, որտեղ ունենք աշխատողների պակաս և դա արդեն օրեցօր ավելի հստակ է, և ունենք ոլորտներ, որտեղ ունենք հակառակ իրավիճակ, երբ մարդիկ աշխատանք են փնտրում և չեն կարողանում աշխատանքի խնդիր լուծել: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, կառավարության այսօրվա նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնած խնդիրը, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա: 

«Մեր աշխատանքային շուկան վերջնականապես չի եկել այն բալանսի, որը շուկայական տնտեսությունն է պահանջում,  և այստեղ ունենք կառուցվածքային խնդիրներ: Այսինքն՝ մարդիկ ցանկանում են այդ աշխատանքը, բայց դրա հնարավորությունը չկա, մյուս կողմից՝ գործատուն պահանջարկ ունի մի շարք ոլորտներում, բայց համապատասխան որակավորման մասնագետներ ինչ-ինչ պատճառով չկան», — նշեց Դավթյանը: 

Այն դիտարկմանը, թե գուցե արտագա՞ղթն է պատճառը, որ աշխատուժի պակաս կա, Տիգրան Դավթյանը, ըստ էության չպատասխանեց.

«Ես մի բան կարող եմ ասել, որ այդ կարգի խնդիրների լուծման լավագույն ձևը տնտեսության զարգացումն է, ոչ միայն աճը: Դրան են միտված այն գործողությունները, որ արվում են ներդրումային և գործարար մթնոլորտի բարելավման համար: Doing Business ինդեքսում Հայաստանի վարկանիշի լավացումը մթնոլորտ է ստեղծում, որը պետք  է հնարավորություն ընձեռի լրացուցիչ ներդրողներ ներգրավել, ավելի գրավիչ դարձնել երկիրը, ունենալ ներդրումների ավելի մեծ ծավալներ: Սա է այն ճանապարհը, որը հնարավորություն կտա այդ խնդիրը լուծելու»: 

Նախորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, երբ դա շատ անհրաժեշտ համարվի’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Կուտակային հիմնադրամները կսպասարկեն ներմուծող օլիգարխիայի շահերը (տեսանյութ)’