‘Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ծեծկռտուքին. Լիսկան ստում է ‘

1873

‘

Քննչական կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով, ըստ էության, հաստատում է այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին մասնակցել է երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին: Նշենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը զարմացած հայացքով էր ընդունել իր որդու մասնակցությամբ հերթական աղմկոտ միջադեպի մասին հարցը: iLur.am-ի հարցին ի պատասխան՝ Սուրիկ Խաչատրյանն ասել էր, որ իր որդի Տիգրանը «այս օրերին Երեւանում ա, ինքը ինչ գործ ունի Սդղի գյոլում»: Փաստորեն, Սյունիքի մարզպետը ստել էր:

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:

Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում»:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, վիճաբանության հետևանքով տուժած Հարութ Զաքարյանին տեղափոխել են Երևան։ Մալայանի անվան բժշկական կենտրոնում նրան վիրահատել են, սակայն աչքի տեսողությունը չի վերականգնվել։ Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ Զաքարյանի վիճակը ծանր է։

Նշենք, որ Զաքարյանի հայրը հերքել է այն տեղեկությունները, թե որդին աչքի լուրջ վնասվածք է ստացել մարզպետի տղայի հետ վիճաբանության հետևանքով։ Թեև ոստիկանությունը հաստատում է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ծեծկռուտքից հետո, հայրը պնդել է, թե որդին որևէ մեկի հետ չի վիճել, պարզապես ճանապարհին մեքենայի անիվի վրա գործ անելիս է եղել ու այդ ընթացքում պատահաբար վնասվածք է ստացել ճանապարհի թռած քարից։ Քարն, ըստ տուժողի հոր, դիպել է ուղիղ տղայի աչքին, որից հետո նա ուշագնաց է եղել ու ոչինչ չի հիշում։

Հայտնենք, որ Զաքարյանները Սյունիքի մարզպետի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի բարեկամներն են և նախկինում ևս բազմաթիվ անգամներ խնդիրներ են ունեցել ու վիճաբանության մեջ եղել մարզպետի ընտանիքի հետ։ 

‘

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Խախտել են արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին օրենքը, վերջին պահին նոր նախագիծ են բերել ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն հաստատում է. Գոհարիկ Ենոքյանը ձերբակալվել է’