‘Տիգրան Կարապետյան. Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը խաղատանը խաղում է, նորություն չէ’

1189

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից` եվրոպական խաղատներից մեկում իբր 70 մլն եվրո տանուլ տալու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված հարցն ընդամենը հերթական քաղաքական շոու է, երկրի առջև ծառացած հրատապ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու փորձ: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Նրա կարծիքով, Փոստանջյանի այդ հարցը նախապես ծրագրված սցենարի մի մասն է: Որպես ասվածի ապացույց՝ նա նշել է այն փաստը, որ ԵԽԽՎ նստաշրջանում հարց տալու իր հերթը Փոստանջյանին զիջել է ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: «Նրանք բոլորը լավ դերասաններ են, իրար հետ պայմանավորվել են` լուրջ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, և դա իշխանություններին բավականաչափ հաջողվեց: Խաղատան մասին հարցը մեղադրանք չէ, ինչու մենք չգիտե՞նք որ նա խաղում է, այդ հարցն առաջին անգամ չի բարձրացվում», — Կարապետյանի խոսքերն է մեջբերում ԱրմԻնֆո գործակալությունը:

Շատերը Փոստանջյանին քննադատել են «անպարկեշտ» հարցի համար, մյուսները, հակառակը, նրա արարքը համարել են ճիշտ և նպատակահարմար: ՀՀԿ ներկայացուցիչները հանդես էին եկել օդանավակայանում Զարուհի Փոստանջյանին հավկիթներով և լոլիկներով դիմավորելու նախաձեռնությամբ, սակայն Ս.Սարգսյանի մամուլի քարտուղարը  հանդես էր եկել հայտարարությամբ, որում սխալ և աննպատակահարմար էր համարել այդ նախաձեռնությունը:

Օդանավակայանում Փոստանջյանին որպես «ազգային հերոսի» են դիմավորել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստներ, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Դիմավորողների ձեռքներին եղել են եռագույն դրոշներ, պաստառներ` «Կեցցես, Զառա» գրառմամբ: Նրանք Փոստանջյանին աղ ու հացով են դիմավորել: Ինքնաթիռից իջնող Հայաստանի պատվիրակության ՀՀԿ անդամներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, տեսնելով Փոստանջյանի բազմաթիվ կողմնակիցներին, որոնք վանկարկում էին «Զառա, Զառա», նկատելիորեն զարմացել են, սակայն Հարությունյանը, սթափվելով, հանգստացրել է դիմավորողներին՝ հայտարարելով, որ Զարուհի Փոստանջյանը նույնպես շուտով կիջնի ինքնաթիռից:

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժեց կրկնակի փորձաքննության մասին միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘Նիստը հետաձգվեց, Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ չարձակեցին ‘