‘Տիգրան Ուրիխանյան. Ակնհայտ անձնական վիրավորանքները արժանանալու են ամենահստակ և փաստարկված արձագանքի’

656

Քիչ առաջ ԲՀԿ լրատվական ծառայությունը տարածել է  ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երբ լրագրողական անպարկեշտությունը հատում է բոլոր սահմանները, դրա արդյունքը լինում է Կարմեն Դավթյան անունով վարձու գրչակը, ով հանուն մի քանի արծաթի պատրաստ է կատարել ցանկացած պատվեր` անկախ պատվերի ստորության ու անբարոյության աստիճանից: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ սույն գրչակին ցանկացած անդրադարձ վերջինս համարում է իր համար աննախադեպ գովազդ և իր պատվիրատուների վրա վաճառում որպես իր ապրանքային գնի հերթական աճ, բայց երբ ապատեղեկատվությունը վերաբերվում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին սիրիահայության թեման է, չարձագանքել չենք կարող:

Եվ այսպես, սույն գրչակը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը մեկ լումա անգամ չի տրամադրել սիրիահայությանը: Բացարձակ և  անբարո սուտ: Գագիկ Ծառուկյանն առաջին արձագանքողներից է եղել ‹‹Օգնիր եղբորդ›› նախաձեռնությանն ու տրամադրել է  100 հազար ԱՄՆ դոլար: Ավելին, սիրիահայ հոգևոր համայնքի կողմից ստացել է վերջիններիս երախտիքը հավաստող շնորհակալագիր: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Կարմեն Դավթյանի անմիջական տերերն ինչքա՞ն գումար են փոխանցել: Վստահաբար` անհամեմատ քիչ:

Մենք, իհարկե, չէինք անդրադառնա տվյալ գրչակի հերթական զառանցանքին, ինչպես չենք անդրադառնում նրա ամենօրյա զառանցանքներին, կրկնում ենք, նրա տերերի համար վերջինիս առք ու վաճառքի գնի տատանումներին չնպաստելու համար, սակայն սա այն բացառիկ դեպքերից է, երբ ստիպված ենք արձագանքել: Եվ ոչինչ, որ մեր արձագանքը սույն գրչակը կներկայացնի որպես իր ապրանքային արժեքի աննախադեպ բարձրացում: Ի վերջո, իրը մնում է իր` անկախ գնի շուկայական տատանումներից:

Եվ որպես հետգրություն. Կա մի սահման, երբ որևէ մեկս կաշկանդված չենք կարող լինել քաղաքական էթիկետով և քաղաքավարության նորմերով, ուստի ակնհայտ անձնական վիրավորանքները արժանանալու են ամենահստակ և փաստարկված արձագանքի: Իհարկե, ոչ թե Կարմեն Դավթյանի նման մանրուքներին, այլ նրա տերերին` գործարար և քաղաքական շրջանակներից»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ջոզեֆ Դանֆորդը հաստատվել է Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Curiosity-ի միջոցով ստացված Մարսի հիմնահողի և ջրի քննության արդյունքները’