‘Տիգրան Ուրիխանյան. Ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն’

1029

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հուսով է, որ Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզի ստորագրումից  հետո կառույցին վերաբերող տեղեկատվությունն ավելի շատ կլինի: Այդ մասին Ուրիխանյանը հայտարարել է այսօր մամլո ասուլիսի ժամանակ:

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ԲՀԿ-ն ՄՄ-ն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չի դիտարկում և այդ միութունը Հայաստանի իշխանությունների ձեռքբերումը չի համարում: «Մաքսային միությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձեռքբերումն է»,- նշել է նա:

Ըստ որում, Ուրիխանյանը դժվարացել է նշել Հայաստանի իշխանությունների ձեռքբերումները 2013 թ. ընթացքում: «Թեև իշխանությունները չեն գիտակցում, սակայն ձեռքբերում էր այն գիտակցությունը, որ ի հակակշիռ նրանց լուրջ ուժ է կանգնած` ի դեմս ակտիվ և գիտակից քաղաքացու»,- նշել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով, ժամանակը չի բավականացնի կառավարող ռեժիմի բացթողումները թվարկելու համար, քանի որ դրանք ավելի քան շատ են: «Ամենաակնհայտ բացթողումներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակն է, ինչն ինչ-որ չափով պայթյունավտանգ է»,- նշել է քաղաքական գործիչը: Այս համատեքստում նա նշել է, որ ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն, և նրանց միջև համագործակցությունը կարող է որոշակի արդյունքների հանգեցնել: «Իշխանություններն ստիպված կլինեն կամ հաշվի նստել քաղաքացիների կարծիքի հետ, կամ վերջիններն իրենց գնահատականը կտան ընտրությունների կամ այլ ճանապարհով»,- ասել է Ուրիխանյանը: Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է իր քաղաքական ուղեգիծը և պայքարելու է Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կյանքի համար:

Նախորդ հոդվածը‘Հայկ Ալումյան. Անկախ հովանավորից՝ «Լիսկայի գործով» մեղավորները պատժվելու են’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Իմ քվեարկությունից հետո իմ դիրքորոշումները չի փոխվել. համաձայնագրերում կան խնդիրներ’