‘Տիգրան Ուրիխանյան. ՀՀԿ-ի համագումարի հարցն անձամբ ինձ համար առաջնային չէ’

946

Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար դա առաջնային հարց չէ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանրապետականները ԲՀԿ-ին չեն հրավիրել վաղը կայանալիք համագումարին, որի ընթացքում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին:

«Դրա մասին պետք է հարցնել հանրապետականներին, ես կոմպետենտ չեմ պատասխանել, թե ինչու իրենք չեն հրավիրել: Կուսակցական, թիմային դիրքորոշում չեմ հայտնում, որովհետև չենք էլ քննարկել այդ հարցը: Համենայն դեպս, ես որևէ քննարկման չեմ մասնակցել: Դրա համար դա առաջնային մտածելու խնդիր չէ»,- նշեց Ուրիխանյանը:

Մեր այն հարցին, թե հրավեր ստանալու դեպքում ԲՀԿ-ն կմասնակցի՞ համագումարին, խոսնակը պատասխանեց, որ միանձնյա չի կարող պատասխանել, հրավերի դեպքում կլինի քննարկում:

Նշենք, որ «ՀԺ»-ի հարցին, թե ինչու չեն հրավիրել ԲՀԿ-ին, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել էր. «Այդպես ենք նպատակահարմար գտել, առանձնապես արտառոց բան պետք չէ փնտրել»:

Նախորդ հոդվածը‘Բողոք-ակցիա Թերլեմեզյանի տնօրենի մրցույթի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի մոտ ապագայում համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ‘