‘
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չի հաստատում ոստիկանության Նոր Նորքի բաժին հրավիրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի ձերբակալության մասին լուրը:
Պարոն Ուրիխանյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության բաժնից:
«ԲՀԿ Նոր Նորքի ակտիվիստ երիտասարդներից մեկը բաժին է հրավիրվել մի քաղաքացու դիմումի հիման վրա: Այժմ փորձում ենք պարզել դիմումի բովանդակությունը: Դրանից հետո կարող ենք հետեւություններ անել ոստիկանության գործողությունների վերաբերյալ», — ասաց ԲՀԿ խոսնակը: Նա առայժմ զերծ մնաց նաեւ ոստիկանության գործողությունների մեջ քաղաքական շարժառիթներ տեսնելուց:
«Պետական իրավապահ մարմնից ակնկալում ենք սեւով սպիտակի վրա գրված, հիմնավորված գործողություն, հետեւապես, դեռեւս զերծ կմնանք քաղաքական վերլուծություններ կատարելուց»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:
‘