Տիգրան Պասկեւիչյան. Անէացման ճանապարհին. ԱլիքՄեդիա

146

Ամեն անգամ, երբ լսում եմ «համաշխարհային ազգ ենք» արտահայտությունը, մտածում եմ՝ տեսնես ինչ նկատի ունեն մեզ այսպես ձեւող-ձեւակերպողները։

Անհեթեթություն է, իհարկե, բայց անգամ անհեթեթը ձեւակերպելիս պետք է նկատի ունենալ մի բան կամ բաներ, որոնք կարող են արդարացնել ձեւակերպման շարժառիթն ու տարողությունը։

Եթե նկատի ունեն, որ մենք ցրված ենք ամբողջ աշխարհով, դա ֆիզիկական գործոն է, որն առաքինություն դժվար է համարել։ Չինացիները, հրեաները, իռլանդացիները, ուկրաինացիները մեզնից պակաս չեն ցրված, թվով գուցե գերազանցում էլ են։

Եթե նկատի ունեն այլ պետություններում, մեծ կայսրություններում հայ անհատների ունեցած դերը, դա էլ մոլորություն է։ Հայազգի որեւէ պետական գործիչ, գեներալ, գիտնական, արվեստագետ գործել եւ գործում է ի շահ այդ պետության, եւ եթե մի բան էլ ավելացնում է քաղաքակրթությանը, ավելացնում է նրա անունից։

Եթե նկատի ունեն տարբեր երկրներում, համայնքային կյանքով ապրելով, այլ մշակույթներին գույն ու երանգ տալը, չարաչար սխալվում են։ Նախ՝ մեր համայնքները բավարար գունեղ չեն, երկրորդ՝ այդ երկրներում գույնն ու երանգն այնքան շատ են, որ մերը կորչում է բազմաբղետության մեջ։

Մեզ «համաշխարհային» համարողները, սակայն, երբեք նկատի չունեն աշխարհի տարբեր կետերում գործող հայկական հաստատությունները։ Գիտեն տեղերը, բայց նկատի չունեն եւ չեն ուզում ունենալ, քանզի դրանք խնամք ու հոգածություն են պահանջում։

Մոտ երեք ամիս առաջ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն ահազանգ հնչեցրեց, որ հայկական այդ պարբերականը, չունենալով ոչ մի աջակցություն, էսօր-էգուց փակվելու է։ Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼ մի քանի միջոցներից բացի՝ ո՞վ արձագանքեց, ինչպե՞ս։ Ո՞վ փորձեց հասկանալ դրա արժեքն ու գինը։

Գերտեխնոլոգիական նիհիլիզմը հազիվ թույլ է տալիս հորանջել, թե «դե լավ, հիմա ո՞վ ա թերթ կարդում»։ Այսինքն՝ մի թերթ ավել, մի թերթ պակաս, ոչինչ չի փոխվելու համաշխարհային ազգի մեր օրակարգում։

Իրականում «Ժամանակ»-ը ոչ թե մի թերթ է, այլ Թուրքիայում հրատարակվող օրաթերթերից (այդ թվում նաեւ՝ թուրքական) ամենատարեցը, որը 1908-ի հոկտեմբերի 28-ի իր հիմնադրումից մինչ օրս երբեք չի դադարել լույս տեսնելուց, անգամ ցեղասպանության օրերին։

Իրականում «Ժամանակ»-ը ոչ թե մի թերթ է, այլ մտավորական ժառանգականության վառ ապացույց. 1908-ից ցայսօր թերթը տնօրինում, խմբագրում ու տարածում է մեկ ընտանիք՝ Գոչունյանները։

Իրականում «Ժամանակ»-ը ոչ թե սոսկ թերթ է, այլ Թուրքիայում հայերի ներկայության խորհրդանիշ։ 114 տարի «Ժամանակ» ունեցած եւ դեռ ունեցող համայնքը, որքան էլ փոքրանա, որքան էլ ուծացվի, որքան էլ հեռանա մայր լեզվից, թուրքական պետության կողմից առնվազն գործոն է նկատվում։

«Հիմա ո՞վ ա թերթ կարդում» ասողները չեն էլ գիտակցում, որ այսօր մի թերթի, վաղը մյուսի, հաջորդ օրը մի դպրոցի (դպրոցների) փակում թույլ տալով՝ աջակցում են համայնքի նահանջին։ Չեք եղել, այստեղ, այս կողմերում չեք երեւացել՝ կասի թուրք պետությունը։ Եվ ճիշտ կանի. եթե չկանք, ուրեմն չենք էլ եղել։

Համայնքն այսօր թերթը պահելու ուժ ու եռանդ չունի, գիտակցություն չունի, որ երբեմն ու հաճախ պետք է փայփայել նաեւ տեխնոլոգիական դարաշրջանում «անիմաստ» նկատվող բաներ։ Դա առանձին համայնքի թերացում է, բայց մի՞թե համաշխարհային մեր ազգի մեջ չկան պետական, հասարակական, բարեգործական միավորներ, որոնք կստանձնեն ոչ միայն վերացական ամբողջի, այլեւ շոշափելի մասի գոյության պատասխանատվությունը։

Վերջին անգամ «համաշխարհայինի» մասին, կարծեմ, խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ 2020 թվականի հունիսի 19-ին «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» եւ Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում նա ասում էր. «Մենք վերապրող ժողովուրդ ենք եւ, որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր եւ համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջեւ»։

Գուցե դուք միջնորդեք, պարո՛ն նախագահ, ու կասեցնեք եւս մեկ նահանջ, որը համաշխարհային ազգն անէացման է տանում։

«ԺԱՄԱՆԱԿ-ի ժամանակը»․ Ֆիլմ «Ժամանակ» օրաթերթի մասին

aliqmedia.am

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. «…վերադառնում ես տարիներ առաջ օծվածդ սաղմոսին»